Երեկ կառավարության աշխատակազմից իրականացված հարցման միջոցով հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18․5 մլն դոլարին համարժեք գումար է փոխանցել: 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարի հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանի միայն մեկ հաշվեհամարում 30 միլիոն դոլար գումար կա, որի վրա կալանք է դրված։
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր վստահորդի կողմից գումար վերադարձնելու փաստը՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։ «Այս պահին հաշվի առնելով, որ քրեական գործը գտնվում է քննության փուլում, ոչինչ չեմ կարող ասել։ Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել։ Ով որ այդ տեղեկությունը տարածել է, բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան»,- ասաց Պողոսյանը՝ հրաժարվելով պատասխանել նաև այն հարցին՝ արդյո՞ք այդ գումարի վերադարձը Սարգսյանին առաջադրված քրեական գործի շրջանակներում է, թե՞ ոչ։
Հարցմանը՝ ի՞նչ է ենթադրում այս պրոցեսը, արդյոք սրանով նա ազատվո՞ւմ է պատասխանատվությունից, կամ այդ փաստը մեղմացնո՞ւմ է նրան մեղսագրվող արարքը, Պողոսյանը նույն պատասխանը տվեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի կարող պատասխանել հարցերին։
Պողոսյանը, սակայն, նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը միանշանակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: