Վախճանվեց ազգային մեծ բարերար Լուիզ-Մանուկյան Սիմոնը։ Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։
Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը, Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։ Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության և սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլև օրինակ և խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին։
ՌԱԿ Կենտրանական վարչության ՌԱԿ Գերագույն խորհուրդ