Պատմությունը
Հիշում եմ այն օրերը երբ իմ կայքում (Masisjan.net) փնտրում էի աջակիցներ և հովհանավորներ, էլեկտրոնային գրադարանը կյանքի կոչելու համար: Օրերը անցնում էին, բայց անհույս, ոչ մեկի, ոչ մի կառույցի կողմից արձագանք չկար:
Մի գեղեցիկ օր, ինձ զանգահարեցին Մասիսի Զարգացման հիմնադրամից և հետաքրքրվեցին Էլեկտրոնային գրադարանի մասին: Մեծ ուրախությամբ հանդիպեցի իրենց հետ, հանձինս Տիգրան Առաքելյանի, և այդ իսկ պահից սկիզբ դրվեց Էլ. գրադարանի կառուցմանը:
Բացման արարողությունը
ԵՎ վերջապես այսօր Մասիսի Զարգացման և AFFA (Adibekyan family foundation for advancement) բարեգործական հիմնադրամների հովանավորությամբ և աջակցությամբ, իմ մտահաղացմամբ և ստեղծմամբ, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի և Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ, մեր Մասիս քաղաքում տեղի ունեցավ վերը նշված առաջին էլեկտրոնային գրադարանի բացման արարողությունը: Այն տեղի ունեցավ Մասիսի զարգացման հիմնադրամի բակում, ժամը 16:00-ին:
Շնորհակալ եմ բոլորից ներկա գտնվելու այս գեղեցիկ և խելացի միջոցառմանը։
Ինչ է իրենից ներկայացնում Էլ. գրադարանը
Էլ. գրադարանը քառակողմ է, իր մեջ պարունակում է 100 էլեկտրոնային գիրք, հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով: Գրքերի վրա հեղինակի և գրքի անվանումների հետ տեղադրված է QR-կոդ, որը սքանավորելով նշված գիրքը անվճար կներբեռնվի ձեզ մոտ: Սքանավորելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոս QR-կոդեր կարդացող հավելվածով: Նման հավելվածներից մեկը բոլորիս կողմից օգտագործվող «Viber»-ն է:
Հավելում
Ուրախ եմ որ իմ հնարավորությունների սահմաններում կարողացա մեր քաղաքը ևս մեկ քայլով տանել դեպի իմ երազանքների քաղաքը (խելացի քաղաքը): Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Մասիսի Զարգացման հիմնադրամին իմ մտահաղացմանը աջակցելու համար: Հուսամ մեր համագործակցության տարիները երկար կլինեն և իմ այն բոլոր մտահաղացումները, որոնք դեռ չեն իրագործվել, մոտ ապագայում կիրականանան: