Լևոն Աղասյանը՝ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող
Advertisement 1000 x 90

Լևոն Աղասյանը՝ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները մասնակցել են միջազգային երրորդ մրցաշարին: 1948թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկորդների մրցումներում հաղթել է կապանցի Լևոն Աղասյանը:

Աղասյանը գերազանցել է միջազգային կարգի վարպետի ցուցանիշը և 16 մ 79 սմ արդյունքով դարձել է հաղթող:

Հիշեցնենք, որ Լևոնն օրեր առաջ Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում դարձյալ առաջինն էր՝ 16 մ 71 սմ արդյունքով:

Մրցաշարին մասնակցել են նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը (12մ 18 սմ) և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7մ 4 սմ), որոնք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք, սակայն Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27-ը և նույն օրը կմեկնեն Գլազգո` մասնակցելու մարտի 1-ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Գլազգոյում նրանց կմիանան ԱՄՆ-ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը (60 մ) և Ֆրանսիայից` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

armsport.am