
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հիշում եմ, անկախության Հայաստանի ողջ ժամանակաշրջանում այդպես էլ տեղի չունեցավ որևէ իրադարձություն կամ միջոցառում, որին միաժամանակ մասնակցեին Հայաստանի երեք նախագահները:
Միայն ժամանակն ու պատմությունը կարող են լավագույնս գնահատել, թե այս իրողությունը լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բնականաբար, նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է իր դիրքորոշումն ու ծանրակշիռ հիմնավորումը՝ մյուս երկու նախագահների հետ նույն հարթակում չգտնվելու կամ որևէ շփում չունենալու համար:
Բայց, այդուհանդերձ, եկե՛ք խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը թաքուն նախանձով է ականատես եղել, թե ինչպես են Ամերիկայի տարբեր ժամանակների նախագահներ միասին մասնակցում իրենց երկրի կարևորագույն միջոցառումներին:
Սա խոսում է այդ երկրի հասունության, պետական մտածողության գոյության և առհասարակ, պետության ու ժողովորդի նկատմամբ ունեցած հարգանքի մասին:
Այսպիսի դեպքերում մենք իսկապես օրիգինալ ենք, բացառիկ մեր տեսակով ու բնույթով:
Առաջիկայում մենք ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների միաժամանակյա հանդիպմանը՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ: Նրանցից երկուսը հանդես կգան վկայի կարգավիճակում, մեկը՝ ամբաստանյալի: Սա մեր պատմությունն է, մեր պետության ու ժողովրդի պատմությունը»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1005418559660115&id=100005759414165