Արման Բաբաջանյան. «Բարի գալուստ Հայաստան, տիկին դեսպան»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Բարի գալուստ Հայաստան, տիկին դեսպան»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ամերիկացի օրենսդիրների կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսին նախօրեին երդում է ընդունել որպես դեսպան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- ասվում է գրառման մեջ:

ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը տեղի է ունենում Հայաստանում դինամիկ զարգացումների, ներքին ու արտաքին քաղաքական ասպարեզում ընթացող բազմաբովանդակ գործընթացների համատեքստում։ Դրանց թվում, բնականաբար, իրենց հաստատուն տեղը պետք է ունենան նաև հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարաբերություններ են։

Ուզում եմ հույս հայտնել, որ դեսպան Թրեյսիի նշանակումը նոր թափ կհաղորդի հայ-ամերիկյան հարաբերություններին, որոնք զարգացման անհրաժեշտություն ունեն ինչպես քաղաքական ու անվտանգային, այնպես էլ տնտեսական հարթությունում։ ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, ինչը բազմաթիվ գործերով ապացուցվել է անցած շուրջ երեսուն տարիների ընթացքում։ Բացի բարեկամ երկիր լինելուց, ԱՄՆ-ը նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային լեգիտիմ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։

Հայաստանում ԱՄՆ նախորդ դեսպանները՝ Ջոն Հեֆերնը և Ռիչարդ Միլսը, որպես իրենց գործունեության առաջնահերթություն էին ներկայացնում հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը։ Ուզում եմ հուսալ, որ դեսպան Թրեյսին կշարունակի իր նախորդների քաղաքականությունը և նոր լիցք կհաղորդի նաև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին, դեպի Հայաստան ամերիկյան ներդրումների հոսքին։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ պատրաստակամություն եմ հայտնում փոխգործակցելու դեսպան Թրեյսիի հետ և կարողություններիս չափով աջակցելու մեր երկու երկրների բարեկամությանն ուղղված ձեռնարկումներին։

Բարի գալուստ Հայաստան, տիկին դեսպան։



Նման նյութեր