Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ փետրվարի 23-ին կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, ով, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ հանդիպելու է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ գաղտնի գործակալներին չորս ինքնաթիռներով Հանոյի միջազգային օդանավակայան են բերելու Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազայից:
VnExpress պարբերականը հատնում է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն Հանոյ է ուղարկել մի քանի ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռ, որոնցում գտնվել են սարքավորումներ հանդիպումների անցկացման համար, ուղղաթիռ և երկու ավտոմեքենա, որոնցով Վիետնամ այցելության ընթացքում տեղաշարժվելու է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում փետրվարի 27-28-ը երկրորդ հանդիպումն է ունենալու ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Նրանց առաջին շփումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում:
Կողմերը փորձում են պայմանավորվել Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականության շուրջ: Մասնավորապես խոսքը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և Փհենյանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման մասին է: