Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ է եղել, ապա բացատրել է, որ պետպատվերը բոլորի համար է աճել. ««ՄԻԲՍ»-ում տարեկան շրջանառությունը 600 միլիոն դրամ է, որի մեջ պետպատվերը կազմում էր 25 միլիոն։ Առողջապահության նախկին նախարար Ալթունյանն ամբողջովին կտրեց, հիմա պետպատվերը 59 միլիոն է, ինչը փաստացի կազմում է մեր շրջանառության 10 տոկոսը»։
Եվ հավելել է, որ «ՄԻԲՍ»-ի հետ իր կապն այն է, որ տնօրենն իր կինն է: Լոռվա պատգամավորներից մեկը բարձրացրել է Վանաձորի հիվանդանոցներից մեկի փակման հարցը, տեղեկացրել, որ հիմա այդ առնչությամբ բողոքի ցույց է ընթանում։
Սպասում են Ձեր պատասխանին, ես պետք է զանգեմ, փոխանցեմ Ձեր պատասխանը՝ ասել է պատգամավորը։
Հարց են տվել նաեւ «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի դիալիզի «պատմության» մասին, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա, եւ տենդերը հաղթողի հետ պայմանագրի կնքումը կասեցված է: Թորոսյանն ասել է. «Քննություն է գնում, եւ ես ոչինչ չեմ կարող այս պահին ասել»: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Իմ քայլը» կանչելու է ոստիկանապետին՝ ցույց տալու, որ նրանք եւս վերահսկվելու են ԱԺ-ի կողմից։ Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով կկանչեն: