Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) ու Զապել թագուհու թոռան` Հեթում Բ-ի (1289-1307 թթ.) գահակալության շրջանում, Կիլիկյան Հայոց թագավորությունն ապրեց իր պատմության ամենադրամատիկ փուլերից մեկը:
Պետությունը հայտնվեց ներքին ու արտաքին ցնցումների մեջ։ Ներքին խժդժությունների հիմնական պատճառները` լատինասերների քայքայիչ գործունեությունն ու իշխանության համար անզիջում պայքարն էր Լեւոն Բ-ի (1270-1289) յոթ որդիների միջեւ:
Դեռ գահին չբազմած արքայորդի Հեթումն ընդունեց կաթոլիկ դավանանքը եւ դարձավ ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Գլխավորելով լատինասերների հոսանքը` նա պահանջում էր, որ հայերն ընդունեն կաթոլիկություն: 1289-ին հռչակվելով Հայոց թագավոր՝ Հեթում Բ-ն երկիրը կառավարեց 18 տարի (դե յուրե մինչեւ 1301-ը): Լինելով հոգեւոր միաբանության անդամ՝ նա չէր հրաժարվում սրից ու վանականի գավազանից:
Անկայուն անձնավորություն էր, մի ծայրահեղությունից մյուսն էր ընկնում, ձգտում էր բարեպաշտի ու կրքոտ հայրենասերի համբավ ձեռք բերել եւ կարծում էր, որ հայոց պետությունն առանց Հռոմի պապի ու Արեւմուտքի քրիստոնյա երկրների աջակցության չի կարող երկար գոյատեւել: Նա վեց անգամ հրաժարվեց գահից, լքեց պալատն ու մտավ վանք, նույնքան անգամ էլ վերադարձավ արքունիք ու բազմեց գահին:
Մի անգամ, երբ սովորության համաձայն թողել էր գահը եւ ապաստանել վանքում, արքունի խորհուրդը թագավոր ընտրեց եղբորը՝ Սմբատին (1296-1299 թթ.): Հեթում Բ-ն եղբայրներից մեկի` Թորոսի հետ, պայքար սկսեց Սմբատի դեմ: Սմբատին (չշփոթել Սմբատ Գունդստաբլի հետ) հաջողվեց ձերբակալել եղբայրներին. նա Թորոսին դատապարտեց մահապատժի, իսկ Հեթում Բ-ին՝ կուրացրեց:
Այնուհետեւ Սմբատի դեմ հանդես եկավ մյուս եղբայրը՝ Կապան ամրոցի տեր Կոստանդինը: Սմբատը պարտվեց, ձերբակալվեց ու բանտարկվեց: Կոստանդինն ստանալով Հեթում Բ-ի համաձայնությունը՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի կառավարումը, սակայն, 1299 թ. Հեթումը լատինասերների աջակցությամբ կրկին գահ բարձրացավ:
Վախենալով նոր խռովությունից՝ Հեթում Բ-ն Սմբատին ու Կոստանդինին արտաքսեց երկրից: 1301 թ. նա Սմբատի կողմից սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդի Լեւոնին հռչակեց թագավոր (1301-1307), ստանձնեց նրա խնամակալությունը եւ փաստացի շարունակեց միանձնյա կառավարել երկիրը:
1307 թ. գարնանը Հեթումը Լեւոն Դ-ի անունից Սիս մայրաքաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով եւ պահանջեց անհապաղ որոշում ընդունել կաթոլիկ եկեղեցու հետ միավորման մասին: Այս ճանապարհով նա աշխատում էր ստեղծել քրիստոնյա երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների: Արտաքին սպառնալիքն ավելի ընդգծվեց:
Նույն թվի աշնանը Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորամասի հրամանատար Փիլարղուն, որը իսլամ էր ընդունել (13-րդ դարի վերջին մոնղոլներն ընդունեցին իսլամ), հյուրասիրության պատրվակով Անավարզա (Անարզաբա) հրավիրեց Լեւոն Դ-ին, նրա խնամակալ Հեթումին, 40 նշանավոր հայ իշխանների, ապա բոլորին դաժանաբար սպանեց:
Հեթում Բ-ի եղբայրը` Օշինը (1308-1320թթ.), թեեւ լուծեց հարազատների վրեժը եւ մոնղոլներին դուրս քշեց երկրից, սակայն շարունակելով Հեթումի որդեգրած քաղաքականությունը՝ էլ ավելի խորացրեց երկրի պառակտումը: Հարեւան մահմեդական պետությունների եւ հատկապես Եգիպտոսի սուլթանության հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխարեն՝ շարունակվեց նամակ-խնդրագրերի ուղարկումը Հռոմի պապին ու եւրոպական երկրների տիրակալներին:
Իսլամադավան հարեւանների հետ հարաբերություններ հաստատելու յուրաքանչյուր առաջարկ Հայ եկեղեցու կողմից արժանանում էր անխնա քննադատության ու թշնամական վերաբերմունքի:
Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը 1317-ին Ադանայում եկեղեցական նոր ժողով հրավիրեց։ Պայքարը ունիթորների (եկեղեցիների միության կողմնակիցների) եւ հակաունիթորների միջեւ վերաճեց զինված բախումների:
Օշինի մահից հետո գահն անցավ նրա որդուն՝ Լեւոն Ե-ին (1320-1342թթ.): Քանի որ նա անչափահաս էր՝ թագավորությունը կառավարում էին խնամակալները: 1320-ին մամլուքները հարձակվեցին երկրի վրա եւ ասպատակեցին Դաշտային Կիլիկիայի բնակավայրերը: Մեկ տարի անց Իկոնիայից Կիլիկիա ներխուժեցին թուրքմեններն ու մոնղոլական զորամասերը: 1322 թ. Եգիպտոսի զորքերը գրավեցին Այաս նավահանգիստը եւ ավերեցին քաղաքի ցամաքային ու ծովային ամրությունները:
Հաջորդ տարի, Կահիրեում, պարտված հայկական կողմը ստորագրեց հաշտության պայմանագիր: Կոստանդին Լամբրոնացի կաթողիկոսը խոստացավ, որ այսուհետ Արեւմուտքի հետ կապերը պայմանավորված չեն լինի Եգիպտոսի դեմ թշնամական քայլերով: Սակայն, պայմանագրից օրեր անց շարունակվեց խնդրանք-աղերսագրերի մի նոր հեղեղ դեպի Եվրոպա:
1335-37 թթ. Եգիպտոսի մամլուքները գրավեցին Դաշտային Կիլիկիան՝ հայոց թագավորությունը կտրելով Միջերկրական ծովից: Հայոց արքունիքում հասունանում էր այն մտայնությունը, որ Արեւմուտքից գործնական աջակցություն ստանալու համար Կիլիկիո գահը պետք է հանձնել ֆրանսիական ծագում ունեցող Կիպրոսի Լուսինյան արքայատան ներկայացուցիչներից մեկին…
1375 թ. ապրիլի 16-ին Սիս մայրաքաղաքն ընկավ։ Լեւոն Զ Լուսինյանն ու Պողոս Սսեցի կաթողիկոսը գերի ընկան ու տարվեցին Կահիրե։ Դրանից հետո շուրջ 50 տարի Կիլիկյան Տավրոսի լեռներում արքունի զորքերը հերոսաբար մարտնչում էին՝ հուսալով ու սպասելով արտաքին օգնության։ Այդ մաքառումներն ու հույսերը Կիլիկյան թագավորության մայրամուտի վերջին շողերն էին։