Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ Հայաստանի համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացման գործընթաց է անցնում: Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում: «Իրանի նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչները արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կարևորել բանակցությունների ընթացքում արված արձանագրումը, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկեն առավել լայն համատեքստում և իրականացնեն ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:
«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:
Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություներում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: