ՊԵԿ նախագահի խախտած օրենքն ու չիմացության հետևանքները. fip.am
Advertisement 1000 x 90

ՊԵԿ նախագահի խախտած օրենքն ու չիմացության հետևանքները. fip.am

Փետրվարի 25-ին, իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որոնց զգալի մասը վերաբերում էր ՊԵԿ տարեվերջյան պարգևատրումներին։ Ասուլիսի ընթացքում պարոն Անանյանը մի քանի տարօրինակ հայտարարություններ արեց։

Պարգևատրումներ, հավելավճարներ

Մինչ բուն թեմային անդրադառնալը, նախ հասկանանք, թե ի՞նչ տարբերություն կա այս բառերերի միջև, և ինչպիսի կարգավորումներ են մշակված օրենքում։

Ըստ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի՝  պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Դավիթ Անանյանը, անդրադառնալով այս հարցին, հայտարարեց, որ ՊԵԿ աշխատողները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից զատ, իրենց աշխատավարձերի 80%-ի չափով պարգևավճարներ են ստացել։ «Այսինքն, բոլոր աշխատողներին 2018 թվականի ընթացքում 13 հատ 80% է վճարվել, այսինքն, մի բան էլ ավել է վճարվել»,- մասնավորապես, ասաց Անանյանը։

Անանյանի նշածը, ըստ այդմ, օրենքի պահանջի կոպիտ խախտում է, և տարօրինակ է, որ ՊԵԿ նախագահը չգիտի, որ պարգևատրումներն արվել են օրենքի բազմակի խախտումներով։

Իսկ գուցե ՊԵԿ նախագահը նկատի էր ունեցել ոչ թե պարգևավճար, այլ հավելավճա՞ր։

Նայենք օրենքը։ Նույն՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է հավելավճարը և ովքեր կարող են այն ստանալ, իսկ 7-րդ հոդվածի 6-րդ կետն արդեն սահմանում է հավելավճարի առավելագույն չափը, այն է՝ աշխատավարձի 30%-ը։ Հետևաբար, 80 տոկոսանոց պարգևավճարները չեն տեղավորվում նաև հավելավճարների տրամաբանության մեջ։

Հարկային գաղտնիքի մասին

Օգտատերերից մեկը, անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՊԵԿ ստուգումների և արձանագրված խախտումների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին, հարցրեց, թե ի վերջո՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ մեկ օրվա մեջ «գրված-փակված ակտ եղե՞լ է»։

Պարոն Անանյանը պատասխանեց, թե այդ հարցի պատասխանը կարող է պարունակել հարկային գաղտնիք։ «․․․Այն մասը, որ ինքը նշում է, կարող է պարունակել հարկային գաղտնիք, հարցրեք հարկային գաղտնիք տիրապետողին»,- ասաց Անանյանը։

Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ կետը սահմանում է, թե ինչ է հարկային գաղտնիքը։ Եվ ըստ նույն հոդվածի՝ հարկային գաղտնիք չի կարող համարվել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունը։

Այս դեպքում, սակայն, ինչպես տեսնում ենք, օգտատիրոջ հարցը վերաբերում էր հենց հայտնաբերված խախտմանն ու կիրառված պատասխանատվությանը, որը հարկային գաղտնիք չի կարող համարվել։

Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևատրումները կատարվում են օրենքի խախտումներով, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հղում է կատարում իբր հարկային գաղտնիքի՝ անցանկալի հարցի պատասխանից խուսափելու համար։

fip.am