ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը բռնցքամարտում ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն է տարածել։
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ:
AIBA ուղարկածս նամակին ի պատասխան բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը:
Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար:
Եվ այսպես.
– Ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին:
– Նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ:
– AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին
Հարգելի ընկերներ, հենց սա է այն իրավական ճանապարհը, որի մասին վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսել եմ: Խնդիրը պետք է լուծել՝ սահմանված կարգն ու AIBA-ի բոլոր կանոնադրական պահանջները պահպանելով:
Եվ որ ամենակարևորն է, այս պրոցեսը պետք է կազմակերպել հնարավորինս սահուն, որպեսզի դրանից չտուժեն սպորտը, մարզիկներն ու մարզիչները, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:
Կից ներկայացնում եմ AIBA-ի՝ երեկ ուղարկած գրությունը»։