Փետրվարի 27-ին ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ մեր հրապարկմանը։ Գրառումն անդրադարձել է հոդվածի այն դիտարկմանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը ներդրումները ներկայացնելիս վերցրել է վճարային հաշվեկշռից ընդամենը մեկ տող՝ «զուտ պարտավորություններ»-ը, որով չի արտացոլել ներդրումների իրական պատկերը: Բաբկեն Թունյանը նշել է, որ վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը ներդրումային վիճակագրության ամենատարածված ցուցանիշներից է, որը օգտագործվում է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային վիճակագրության մեջ։
Անդրադառնալով «զուտ պարտավորություններ» ցուցանիշի հենքով օտարերկրյա ներդրումները հաշվելուն՝ պետք է նշենք, որ դա տնտեսագիտական մեկնաբանման հարց է: ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալներում «արտասահմանյան ներդրումներ» առանձին տող չկա, այն կազմվում է մի շարք այլ ցուցանիշների հետ համատեղ, իսկ «զուտ պարտավորություններ»-ը միակ հատվածն է, որտեղ նախորդ՝ 2017 թվականի համեմատ 2018-ին եղել էր 50 տոկոսի հասնող աճ։
Բացի սա, ներդրումների ամբողջական պատկերն ու արդյունավետությունը ևս պետք է ներկայացված լինեն` վճարային հաշվեկշռի այլ հոդվածների հետ կապը գտնելու և այն գնահատելու միջոցով:
Համաշխարհային բանկի (այսուհետ՝ ՀԲ) տվյալների վերաբերյալ նշենք, որ ՀԲ-ն չի վարում Հայաստանի Հանրապետության մասնավոր ներդրումների վիճակագրություն և ներկայացնում է այն թվերը, որոնք վերցնում է Կենտրոնական բանկից:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հոդվածի՝ մասնավորապես վերնագրում տեղ գտած «մանիպուլյացիա» բառի գնահատողական բնույթը՝ «Փաստերի ստուգման հարթակի» թիմը ներողություն է խնդրում իր ընթերցողներից։ Հետագայում կփորձենք խուսափել նմանօրինակ տարըմբռնումներից։