Հայաստանի զարգացման համար ներդրումների դերը դժվար է թերագնահատել: Տարիներ շարունակ ներդրումների կարևորության աքսիոմատիկ ճշմարտության մասին շատ է խոսվում, և թվում է, թե կա՞ արդյոք կարիք՝ կրկին անդրադառնալ հարցին: Վերջին օրերին կարծիք է առաջմղվում, որ երկիր միջոցներ ներգրավելու համար (դրանք հետագայում ներդրումներին ուղղելու ակնկալիքով) պետք է երկրի պարտքն ավելացնել, որը մեր դեպքում հիմնականում առաջարկվում է իրականացնել արտաքին պարտքի միջոցով:
Պարտքով ներդրում անել, իհարկե, կարելի է, օրինակ, եթե այն ապահովում է ենթակառուցվածքների զգալի բարելավում, ինչն իր հերթին՝ կնպաստի երկրի տնտեսության իրական ճյուղերի զարգացմանը: (Ենթադրվում է, որ գումարների ծախսման գծով կլինի խիստ հսկողություն): Ենթակառուցվածքների զարգացման հիմքում հստակ հաշվարկներ և հեռանկարային ծրագիր է պետք (10-40 տարվա հեռանկարով): Իսկ ուղղակի տնտեսական աճի ակնկալիքով պարտք վերցնելը ինքն իրենով տարակուսանք է առաջացնում…
Ի՞նչ է անում բժիշկը, երբ հիվանդի մոտ նկատում է ցանկալի ցուցանիշներից շեղում: Նախ, փորձում է կատարել հիվանդության կամ վիճակի դիագնոստիկ (ախտորոշիչ) գործողություն` արդեն իսկ առաջացած դրության (հիվանդության) և դրա հետևանքների մասին անդադար խոսելու փոխարեն: Հայաստանում ներդրումների ծավալները ցածր են` ցանկալիից անհամեմատ ավելի ցածր:
Ներդրումների աղբյուրները մեր երկրի դեպքում երեքն են.
1) Հայաստանի աղբյուրներից (ներքին),
2) հայկական սփյուռքից (արտաքին) և
3) համաշխարհային (ծագումով ոչ հայկական) աղբյուրներից:
Այս վերջին` երրորդ խումբը մեր տնտեսության ներկա և անգամ հեռավոր ապագայի ծավալների համեմատ կարելի է համարել անսահման: Ոչ սփյուռքահայ ներդրողը, մեր տեսակի համաշխարհային դիասպորիկ (սփյուռքային) ազգի պարագայում, մի պարզ դատողություն է անում. «Ինչո՞ւ ներդրում կատարել, եթե այդ երկիրը` Հայաստանը, և նրա մշակույթը ավելի լավ ճանաչող հայկական սփյուռքը այդպես չի անում»:
Այսպիսով, չթերագնահատելով արտաքին ներդրումների կարևորությունը` առաջարկվող առաջին քայլը նախ նպատակ է հետապնդում ներդրողների համար ստեղծել հնարավորություն իրականացնելու ներքին ներդրումային միջավայրի ախտորոշում: Մեր տեսակի համաշխարհային ազգի դեպքում, քանի դեռ ներքին միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, արտաքին աղբյուրներից մեծածավալ ներհոսք ակնկալելը ինքնախաբեություն է:
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ք. Հոնկոնգ)
Հ.Գ. Նախաձեռնության հեղինակը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև` Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԱՄՆ Միսսուրի նահանգի պետական համալսարանի մագիստրատուրան, շուրջ տասը տարի աշխատել է Հայաստանի բանկային համակարգում` ղեկավար տարբեր պաշտոններում, և 2005թ.-ից բնակվում է Ասիայում` Պեկինում, Սինգապուրում, և ներկայումս` Հոնկոնգում, որտեղ հանդիսանում է Չինական (Հան) ակադեմիայի փոխտնօրեն: Վահագն Վարդանյանը Սինգապուրի պետական համալսարանում (National University of Singapore) պաշտպանել է թեզ` ստանալով «Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտորի գիտական աստիճան: Ոուսումնասիրության բնագավառը պետական/ազգային ինքնությունն է:
Ամբողջությամբ՝ 168.am