Կատարվում են բազմաթիվ գիտափորձեր, հայտնաբերվում նոր տեխնոլոգիաներ, որոնց գերխնդիրն է հեշտացնել մարդկային կյանքը: Նորագույն տեխնոլոգիաներն այլևս «չեն ճանաչում» արտաքին ու ներքին շուկաներ, սահմաններ և ազգություն: Նրանց խնդիրը սպառվելն է:
Ամբողջ աշխարհի փիլիսոփաներն ու սոցիոլոգները տեխնիկական զարգացման մեջ ինչպես առաջընթաց, այնպես էլ սպառնալիք են տեսնում:
Տեխնիկական դարը մարդուն սպառող է դարձնում, մեծացնում է հարմարավետության նկատմամբ ունեցած կախվածությունը, ստիպում է մտածել, որ մարդու ունեցածը քիչ է, չունեցածը՝շատ, իսկ հոգևոր զարգացումը վաղուց անհետաքրքիր ու ձանձրալի թեմաների շարքին է դասվում:
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Հարությունյանը ներկայացնում է դարաշրջանի մարդկային և տեխնիկական խնդիրների փիլիսոփայությունը:
«Չքացող մարդու» դարաշրջանի մասին
Մենք այլևս ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, որտեղ մեզ սկզբունքորեն այլ իրեր են շրջապատում, որոնք, նաև դեռ չհասցնելով հաստատվել կյանքում ու կենցաղում, անհետանում են, ասես չեն էլ եղել:
Բավական է նշել, որ արդի տեղեկատվական քաղաքակրթությունն այնպես հիմնովին է «խնոցել» կարգի ու ավանդույթների վրա խարսխված կյանքի դրվածքը, այնպես հիմնովին է անհատականությունն աքսորել բնազդների պղտոր խորքերը, որ արևմտյան մշակույթին խիստ բնորոշ «մարդ-հեղինակը» վերածվել է «պատճենահանող մեքենայի», որն իր և մյուսների սիրտն ու հոգին ծանրաբեռնում է ոչ միայն տեսած ու լսած մշակութային կարևորություններով, այլև քաղաքակրթական թափոնով:
Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհը երբեմն բնութագրվում է որպես «չքացող մարդու» դարաշրջան, որտեղ գլխավոր դերակատարն այլևս ոչ թե մարդն է, այլ մարդկային գործոնը, որտեղ ընդհանուր օգտագործման տեսանելի արժեք է ոչ միայն առարկայականը, այլև մարդը:
Ու թեև արդի քաղաքակրթությունը հյուսել է տեղեկատվական ցանցի համաշխարհային սարդոստայն, և տեղեկացված լինելը հաճախ համարվում է ժամանակակից մարդու կրթվածության ցուցանիշ, միևնույն է, գնալով խորանում է մարդու տեղեկացված լինելու (իմանալու) և գիտելիքի (հասկանալու) միջև խզվածությունը, որոնց պատճառով կյանքը դարձել է ինչ-ինչ մոլորությունների ու պատրանքների պատանդ:
Պատրանքների ու մոլորությունների այդ աշխարհը թեև մեզ հնարավորություն է տալիս հոգու մետաֆիզիկական էներգիան ծառայեցնելու աշխարհի գեղագիտական ճարտարակերտմանը, բայց նկատենք, որ այս դեպքում գործելու մեր ցանկությունն ու ինքնահաստատման մեր կամքը ոչ թե ճշմարտություններից են սնվում, այլ խաբկանքներից: Էլ չասած, որ արդի քաղաքակրթության տեղեկատվական-տեխնոլոգիական համակարգերի զարգացման հնարավորությունները գրեթե անսպառ են, և գիտությունն օրավուր գերազանցում է անգամ մարդկային երևակայությունը:
Ամբողջությամբ՝ ysu.am