Կյանքի 87-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է Ջերի Մերիմանը՝ գրպանի էլեկտրոնային հաշվասարքի ստեղծողներից մեկը: Մարտի 6-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գյուտարարի խորթ աղջկան՝ Քիմ Իկովիչին:
Ինչպես հայտնել է Իկովիչը, Մերիմանը տեղափոխվել էր Դալասի կլինիկաներից մեկը՝ սրտախթանիչի տեղադրումից հետո առաջացած բարդությունների պատճառով, եւ մահացել փետրվարի 27-ին, մահվան պատճառ է դարձել սրտի եւ երիկամների սուր անբավարարությունը: 1965 թվականին Ջերի Մերիմանը երեք գյուտարարներից (ապագա նոբելյան դափնեկիր Ջեք Քիլբի եւ Ջեյմս վան Տասել) բաղկացած խմբի կազմում սկսել է էլեկտրոնային հաշվասարքի մշակումը, որը, մշակողների մտահղացմամբ, «չպետք է գերազանցեր գրքի չափերը»: 1967 թվականին նրանք ավարտել են հաշվասարքի մշակումը եւ ներկայացրել արտոնագիր ստանալու հայտ: Նշվում է, որ հաշվողական մեքենան կարող էր կատարել չորս խնդիր, այն է՝ գումարում, հանում, բազմապատկում եւ բաժանում, եւ կշռում էր շուրջ 1,3 կիլոգրամ: 1963 թվականից ընդհուպ մինչեւ 1994 թվականին թոշակի անցնելը Մերիմանն աշխատել է Texas Instruments ընկերությունում, որի օժանդակությամբ էլ թողարկվել է առաջին գրպանի հաշվասարքը: