Մարտի 6-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում, նշվում է Վանաձորի թիվ 1 դպրոցի Facebook-յան էջում։
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը, գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
«Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են: Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար»,- նշվում է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ։