Լեզվի կոմիտեն կոչ է անում հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին
Advertisement 1000 x 90

Լեզվի կոմիտեն կոչ է անում հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին

Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։

Շատ տնտեսավարողների մտածողության մեջ արմատներ ձգած օտարամոլությունը նրանց դրդում է ամեն կերպ խուսափելու ցուցանակները և գովազդային վահանակները հայերեն ձևավորելուց: Նրանք նախապատվությունը տալիս են օտար լեզուներին։ Հատկապես մայրաքաղաք Երևանը հեղեղված է օտարալեզու հրապարակային գրվածքներով։ Վիճակն անհանդուրժելի է:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթը (4-րդ հոդված, «գ» կետ), որը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջում է «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն»։

Օրենքը թույլատրում է նաև օտար լեզուների գործածությունը՝ սահմանելով, որ հայերեն գրություններն անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել այլ լեզուներով։

Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Նկատի ունենալով այս ամենը և հանրապետությունում մեծաքանակ օտարատառ և օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունը՝ դիմում ենք.

ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հիշեցնելով պետական լեզվաքաղաքա­կանություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներ՝ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար.

բ. ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպություննե­րի ղեկավարներին՝ կոչ անելով իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին։

Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի՝ ցուցանակը և գովազդը ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում (քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով):

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Լեզվի կոմիտե