Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման հետ կապված որոշակի հարցեր: «Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարներն ընդգրկված են 22 միջին եւ փոքր ջրամբարների կառուցման ցանկում: Դրանց կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Արգիճի եւ Աստղաձոր գետերի վրա ջրամբարների կառուցման ծրագրեր փորձել են իրականացնել ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո: Խնդիրը քննարկվել է նաեւ 2015 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Սակայն մինչ այժմ խնդրի լուծումը քննարկումների փուլից այն կողմ չի անցել, թեև այդ երկու ջրամբարների կառուցման համար դրական եզրակացություններ են տվել Գեղարքունիքի մարզպետարանը եւ գերատեսչական մյուս կառույցները: Արգիճիի ջրամբարը կարող է ամբարել մինչեւ 9, Աստղաձորի ջրամբարը՝ մինչեւ 1-1,5 միլիոն խորանարդ մետր ջուր: Դա հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման մշտական ջրով ապահովել 12 բնակավայրերի, ավելացնել ոռոգելի տարածքները մոտ 1000 հեկտարով, զարգացնել գյուղատնտեսությունը, խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչեւ 3,5 միլիոն կիլովատ-ժամի չափով, իսկ Սեւանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանների աշխատանքը կդադարեցվի:
Ջրամբարները նպաստավոր կլինեն նաև ձկնաբուծության զարգացման ու Սևան թափվող գետերում ամռան ամիսներին ջրի մշտական հոսք ապահովելու համար: Ջրամբարների կառուցումը նախատեսված է բնական այնպիսի թասերի վրա, որոնք քիչ ծախսերով մեծ արդյունքներ կարող են ապահովել: Առհասարակ, մեր պայմաններում ջրամբար ունենալը կենսական կարևոր խնդիրներ կարող է լուծել հատկապես երաշտի պայմաններում, որից գրեթե ամեն տարի տուժում են տնտեսությունները:
Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մեր լեռնային գոգավորությունները գրեթե բնական պատվար են ջրամբարների համար և կարող են շատ արագ լցվել բավարար քանակի ջրով»,- նշեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Ըստ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի՝ Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման նախագծերն արդեն պատրաստ են ու սպասում են պահանջվող ներդրումներին: Երկու ջրամբարների կառուցման համար, որոնք իրենց կարեւորությամբ փոխկապակցված են միմյանց հետ, կպահանջվի 7-7,5 միլիոն դոլար:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին ընդգծեց, որ Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար ինքն արդեն ունեցել է մի շարք հանդիպումներ Գեղարքունիքի մարզը ներկայացնող գործարարների հետ՝ նրանց ներկայացնելով ծրագրի իրականացման կենսական նշանակությունը: «Մենք պետք է շարունակենք աշխատել այն գործարարների կամ ներդրողների հետ, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն ջրամբարների կառուցման ծրագրի նկատմամբ: Ամեն կերպ ձգտում ենք շահագրգռել նրանց, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի: Ես հավատացած եմ, որ այստեղ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է տալ ցանկալի ու սպասվող արդյունքը»,-ամփոփեց մարզպետը:
Խոսրով Խլղաթյան