«Ժպիտների քաղաք» հիմնադրամի ծրագրի մասնակից վեցամյա Հրանտ Արշակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հրանտը ծանոթացել է քաղաքապետի աշխատանքին: Հայկ Մարությանը զրուցել է նրա հետ, ցույց տվել աշխատասենյակը: Հրանտը եղբոր հետ շրջել է նաև քաղաքապետարանի շենքում, այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ունենք մի այսպիսի շարք՝ երազանքների իրականացում, և յուրաքանչյուր շաբաթ պատմում ենք մեր շահառուներից որևէ մեկի մասին ու նաև ասում ենք, թե ինչ է երազում երեխան: Հրանտը երազում էր հանդիպել քաղաքապետի հետ: Եվ շատ հաճելի էր, որ ստացանք արձագանք քաղաքապետարանից»,- նշել է հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներին: