Քիմ Քարդաշյանի և հիփ-հոփ երգչուհի Cardi B-ի գովազդած դետոքս-թեյերը Նյու Յորքից 23-ամյա Իման Հարիրիկիի մոտ աղիների քրոնիկական խնդիրներ են առաջացրել:
The Daily Mail-ը հայտնում է, որ Իմանը սկսել է դետոքս-թեյերը խմել դեռևս ավագ դպրոցի աշակերտ լինելով: Նրա խոսքով՝ վարել է քիչ շարժունակ կենսակերպ և արդեն 13 տարեկանից սկսել է գիրանալ: Չնայած դետոքս-թեյերի գովազդում նշվում է, որ դրանք օգնում են նիհարել և բարերար են ազդում մարսողական համակարգի վրա, Իմանի դեպքում ազդել են որպես լուծողական:
Ընդ որում՝ դետոքս-թեյը ախորժակը չի ճնշել: «Գովազդում հնչած միլիոն խոստումից ոչ մեկը չի կատարվել, չնայած գովազդում ասվում էր, որ դետոքս-թեյն անմիջապես օգնում է: Իսկ ինձ մոտ սկսվել է հիվանդագին դիարեա»,- նշում է Իմանը:
Բանն այն է, որ օրգանիզմում երիկամների և լյարդի աշխատանքի շնորհիվ անընդհատ դետոքսիկացիայի պրոցես է ընթանում: Դրանից բացի, մի քանի դետոքս-թեյեր նյութեր են պարունակում, որոնք իսկապես լուծողական էֆեկտ ունեն: Փորձագետները խորհուրդ են տալիս այս թեյերը մեկ շաբաթից ավելի չգործածել, որպեսզի խուսափեն տևական կողմնակի էֆեկտներից:
Մինչդեռ Իմանը, սեփական խոստովանությամբ, այս թեյերը չարաշահել է, նրա մոտ դրանցից կախում էր առաջացել: Նա երկու տարի այն խմել է ամեն օր, և ի դեպ, իսկապես նիհարել է: Սակայն ժամանակի ընթացքում նրա քաշն այնքան է նվազել, որ ընկերները լրջորեն անհանգստացել են: Իսկ Իմանը հավատացել է գովազդին, որում դետոքս-թեյը նկարագրվում էր որպես առողջ և օրգանական մթերք:
Արդյունքում՝ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սակայն բժիշկները 3 տարի շարունակ չեն կարողացել նրա տկարության պատճառը գտնել, քանի որ նա թաքցնում էր դետոքս-թեյից կախվածության փաստը: Իմանի մոտ ախտորոշվել է ցելիակիա (մարսողական խանգարում, որն առաջանում է որոշ սննդամթերքների կողմից բարակ աղիի թավիկների վնասմամբ): Սա քրոնիկական հիվանդություն է, և երիտասարդ կինը հիմա ստիպված է ամբողջ կյանքում մնալ բժիշկների հսկողության տակ: