Ծխելը կարող է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակների, սրտի եւ անոթների հիվանդությունների առաջացման, դրանից բացի՝ այդ սովորությունը հարվածում է նաեւ քսակին։ Եթե այս պատճառները բավական չեն ծխելը թողնելու համար, կան նաեւ նոր պատճառներ, որոնց մասին գիտնականները պատմել են բոլորովին վերջերս։
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (American Heart Association) նիստում գիտնականները ներկայացրել են երկու հետաքրքիր հետազոտության արդյունքները։ Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը կարող է անհամեմատ ավելի մեծ բացասական ազդեցություն թողնել ճանաչողական ֆունկցիաների վրա, քան կարծում էին առաջ։ Իսկ երկրորդը ցույց է տվել, որ շաքարային դիաբետ ունեցող պացիենտները պետք է հրաժարվեն ծխելուց, անգամ եթե այդ պատճառով նրանք գիրանան։
Johns Hopkins University-ի գիտնականների հետազոտությունն ապացուցել է ծխելու կապը ճանաչողական ֆունկցիաների նվազման, այսինքն՝ հիշողության եւ մտածողության պրոցեսի խախտման հետ։
Թեեւ ծխելն առաջ էլ կապում էին իմացական հատկությունների առաջացման վտանգի հետ, դժվար է չափել դրա ազդեցության կոնկրետ աստիճանը, որովհետեւ որոշ ծխողներ ծխելը թողնում են, իսկ մյուսները մահանում են մինչեւ երկարատեւ հետազոտությունների ավարտը։
Ներկա հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ծխախոտի վնասակար ազդեցությունը իմացական հատկությունների վրա երկու անգամ ավելին է եղել, քան ենթադրում էին նախորդ հետազոտությունները։
Ինչ վերաբերում է երկրորդ հետազոտությանը, այն անցկացվել է Harvard T. H. Chan School of Public Health-ի գիտնականների կողմից եւ ցույց տվել, որ եթե անգամ մարդը քաշ հավաքի ծխելուց հրաժարվելուց հետո, շատ ավելի մեծ օգուտ կունենա դրանից, քան վնաս ավելորդ քաշի պատճառով։