Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակելու մասին: Մխիթարյանը կօժանդակի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս տարի դեկտեմբերին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին՝ ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

«Ցավալի է գիտակցել, որ ո´չ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան», – նշեց Մխիթարյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ գործի դնել այս հնարավորությունը՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում խթանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը»,- ավելացրեց Մխիթարյանը:

Վերջին երկու տասնամյակներում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ ընդլայնելով նախադպրոցական կրթության հասանելիությունը, ներդնելով ներառական կրթությունն ու պարտավորվելով բարելավել ուսուցման որակը: Այնուամենայնիվ, շատ երեխաներ, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև՝ հեռավոր գյուղական բնակավայրերում ապրող երեխաները շարունակում են ուշադրությունից դուրս մնալ:

«Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի նոր դեսպան: Որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով, Մխիթարյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Կրթությունը նպաստում է անհավասարությունների նվազեցմանն ու աղքատության վերացմանը՝ միևնույն ժամանակ օժանդակելով ավելի ներառական հասարակության ընդլայնմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար առաջնահերթություն դարձնելու գաղափարի»:

Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանը, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը: 2007 թվականից ի վեր Մխիթարյանը Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն է: Նախկինում նա խաղացել է «Փյունիկ», Դոնեցկի «Մետալուրգ», Դոնեցկի «Շախտյոր» և Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբներում: Մխիթարյանը ճանաչվել է որպես Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: Նա նաև ճանաչվել է 2015-2016 Հայաստանի և ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալով՝ Մխիթարյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում: