Արման Բաբաջանյան. «Այսօր մեկնարկել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Այսօր մեկնարկել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Այսօր մեկնարկել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որն արդեն մի քանի տարի անց է կացվում մեր երկրում։

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապաթուրայը։ «ՆԱՏՕ-ի շաբաթը» միջոցառումների յուրահատուկ ամբողջություն է, որը խորհրդանշում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը։

Մեր երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է տարբեր ձևաչափերի մի շարք նախաձեռնություններում ու ծրագրերում, բացի այդ՝ Հայաստանը վերջին տարիներին մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող որոշ զորավարժություններին։

Երկուստեք բարձր գնահատվող այս հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար և համարվում են Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկը. լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր՝ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ինչը եզակի օրինակ է ողջ աշխարհում։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հնարավորություն են ստեղծում, հետևաբար դրանք պետք է շարունակվեն ու խորացվեն։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նաև մասնակցելու միջազգային անվտանգության ստեղծման, մատակարարման գործընթացին՝ մենք խաղաղասիրական առաքելություններ ունենք Աֆղանստանում ու Կոսովոյում։

Հայաստանի հարևաններից մեկը՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, մյուսը՝ Վրաստանը, հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկության մասին։ Այս իրողությունները էլ ավելի են ընդգծում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների կարևորությունը։

Ողջունելով Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթի» մեկնարկը՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ այն կպահպանի շարունակականությունը և կնպաստի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացմանն ու խորացմանը»։



Նման նյութեր