Մարտի 5-ին Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը աշխատանքային կարգով ՀՀ ղեկավար դեմքերին ուղղված մեկ գրությամբ «Լազարյան ակումբի» գործունեության և նրա նկատմամբ ՀՀ պետական ինստիտուտների վերաբերմունքի մասին տրամաբանական հարցադրումներ է կատարել:
Շաբաթվա ընթացքում գրության հետ տեղի են ունեցել որոշ գործընթացներ, ինչը, մեղմ ասած, պատիվ չի բերում դա թույլ տված ՀՀ հաստատությանը: Այսօր այդ գրությունը հրապարակվում է բաց նամակի տեսքով:
Բաց նամակ
ՀՀ նախագահ պարոն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ԱԺ նախագահ պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀՀ ԱԽ քարտուղար պարոն ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Պարոնա’յք ղեկավար այրեր,
Մոսկվայում Հայաստանի պետական և հայկական ազգային շահերով գործող, Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները ողջունած, դրանց մասնակցած և մասնակցող, ռուսաստանյան պետական և քաղաքական կառույցների հետ համագործակցության արժանապատիվ ծրագրեր իրականացնող հայկական քաղաքագիտական և համայնքային շրջանակի կողմից լիազորված եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրությունը հրավիրել որոշ խնդիրների վրա:
Եթե իր առաջին իսկ նիստից ակնհայտորեն Հայաստանի պետական շահերի և գործող իշխանությունների դեմ հանդես եկող «Լազարյան ակումբի» ներկա մոսկովյան նիստին պետք է մասնակցեին Հայաստանի պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա տրամաբանորեն առաջանում են հետևյալ հարցերը.
– ինչու՞ երբ Կոնստանտին Զատուլինը նախորդ տարվա հոկտեմբերին «Լազարյան ակումբի» ստեղծման գաղափարը քննարկելու նպատակով Երևան եկավ, նրան որևէ պետական ինստիտուտ չընդունեց և նախաձեռնությունն էլ չողջունվեց (բացի Հանրապետական կուսակցությունից և նրա ներկայացուցիչ պաշտոնյաներից),
– ինչու՞ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած «Լազարյան ակումբի» առաջին նիստին պետական ղեկավար այրերը և իշխող ուժի ներկայացուցիչները չմասնակցեցին,
– ներկայումս մոսկովյան նիստին մասնակցող պետական ինստիտուտների և իշխող ուժի ներկայացուցիչները ցանկանում են Զատուլինի միջոցով հարաբերություններ հաստատել ռուսաստանյան իրենց գործընկերների, կամ էլ ակումբը ֆինանսավորող հայ օլիգարխների հե՞տ: Երկու դեպքում էլ լուրջ հարցեր են առաջանում:
– միգուցե մասնակցելով պրոքոչարյանական ակումբի նիստին, որոշ պետական ինստիտուտներ ընդառաջում են վերջերս տարբեր խողովակներով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՌԴ-ից իրենց փոխանցվող ուղերձների՞ն: Այս դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջանում:
– տեղյակ ե՞ք, որ ակումբի գործունեության համար հայկական կոնկրետ շրջանակներից ֆինանսական միջոցներ հավաքող Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին: Միայն վերջերս է պարզվել, որ ակումբի մասին հայտարարության գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել են Հանրապետական կուսակցության կողմից: ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղը ընդամենը ձևական կատարողի դերում է եղել:
Այս և նման այլ հարցադրումներով առաջիկայում հնարավոր է, որ հայ քաղաքագետների մեկ կազմով հանդես գանք բաց նամակով:
Հավելեմ, որ մենք նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրել ենք հայ-ռուսական երկխոսության հասարակական հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը, քանի որ ընդունվել են մեր առաջարկած պայմանները դրա երկկողմանի բնույթի և բաց գործելաոճի անհրաժեշտության վերաբերյալ:
Բայց նոյեմբերին տեսնելով, որ դրա գործնականացման փուլում նախաձեռնությունը դառնում է ռուսաստանյան մեկ գործչի քաղաքական ու ֆինանսական հետաքրքրությունների բավարարման միջոց, դրսևորում է քաղաքական նախապատվություն ու սպասարկում է կոնկրետ անձերի ու քաղաքական շրջանակների շահեր, հրապարակայնորեն դեմ ենք արտահայտվել նման ընթացքին, կասեցրել ենք մեր մասնակցությունը գործընթացին և սկզբունքորեն չենք մասնակցել «Լազարյան ակումբի» նիստերին:
Հարգանքով` ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆ