ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է հնարավորություն տալ աջ ղեկով մեքենաները պետության տեխնիկական աջակցությամբ դարձնել ձախակողմյան տեղաբաշխման:
Ուրիխանյանը նման առաջարկ արեց Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը:
Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց արդյոք կառավարությունում քննարկվե՞լ է տարբերակ, որով կարելի է խնդիրը լուծել` միևնույն ժամանակ չեզոքացնելով այն խնդիրը, որից սա առաջացել է: «Մարդիկ լավ օրից չէ, որ ներկրում ու վարում են աջ ղեկով մեքենաներ: Քննարկվե՞լ է արդյոք տարբերակ դրանք ձախակողմյան դարձնելու, տեխնիկապես վերափոխելու հարցը: Միգուցե պետության կողմից կազմակերպված տեխնիկական միջամտության հնարավորություն տրվեր` այդ մեքենաները ձախակողմյան դարձնելու համար»,- առաջարկեց Ուրիխանյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանընշեց, որ այդպիսի քննարկումներ տեղի են ունեցել: «Մենք կառավարության համապատասխան որոշմամբ թույլատրել էինք, որ որոշ ռեժիմով կարողանան ներմուծել և ղեկի տեղաբաշխումը փոխել: Այնուամենայնիվ, կան մեքենաներ, որոնց ղեկի տեղափոխությունն ընդհանրապես տեխնիկապես անհնարին է, ինչպես նաև ղեկի տեղափոխման հետ կապված ռիսկեր կան: Եղել է քննարկում, սակայն այդ պահին որևէ մեխանիզմ չկա»,-ասաց նա:
Նախարարը նաև նկատեց, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն ընդունվել է նախկին կառավարության ժամանակ, և ուղղակի ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Հիմա ուղղակի փաստի առաջ կանգնած մարդկանց թույլ են տալիս լուծել խնդիրը: Արշակյանը նշեց, որ պատգամավորի առաջարկած հարցի վերաբերյալ հետագայում կրկին կլինեն քննարկումներ, և նպատակահարմարությունը կքննարկվի: