«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ և մի շարք երգերի հեղինակ Վլադիմիր Պողոսյանը պատրաստվում է նոր երգով հանդես գալ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչ-երգահանը խոսել է նոր երգի, մասնագիտության ընտրության, հայկական երգարվեստում իրեն հուզող հարցերի և ձեռքբերումների մասին:
–Ի՞նչպես որոշեցիք երգիչ դառնալ։
-Չի եղել մի օր, որ հենց այդ օրից որոշեի երգիչ դառնալ, քանի որ միշտ երգել եմ։ Դեռ մանկուց որոշել էի, որ պետք է երգեմ և 11 տարեկանում գրեցի առաջին երգս, երկրորդը` 13-ում, իսկ արդեն 17 տարեկանում գրեցի «Mama» երգը։ Հետագայում հասկացա, որ կարելի է երգեր գրել նաև գործընկերներիս համար, բայց դրա համար դեռ ժամանակ կար, ու ինչպես ասում են, ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ժամանակին։
–Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում հայկական երգարվեստում ։
-Անորոշությունը։ Հայկական երգարվեստում այսօր կան մարդիկ, որոնք զբաղվում են այն ամենով, ինչի հետ կապ չունեն ընդհանրապես, փոխարենն ունեն «լավ պապա», ինչի շնորհիվ էլ զբաղեցնում են մեկ ուրիշի՝ ավելի տաղանդավոր մեկի տեղը։ Այսինքն՝ հնարավորությունն ու նախապատվությունը տրվում է միջակությանը, և դա ոչ մեկին չի հուզում, իսկ իսկապես տաղանդավոր մարդիկ մնում են ստվերում։
–Երգարվեստում ո՞րն է այն աստիճանը, որին ցանկանում եք հասնել:
-Ես երբեք չեմ գծում աստիճաններ։ Կարծում եմ՝ միշտ կա ավելի վերև, ավելի տաղանդավոր, ավելի հաջողակ և ամեն ինչում ավելի մեկը, եթե համարեմ, որ հասել եմ այնտեղ, որտեղ պիտի լինեի, ուրեմն արդեն անելիք չեմ ունենա։
–Ձեզ բարդ մարդ համարո՞ւմ եք, հե՞շտ է ձեզ հետ աշխատելը:
-Ես կասեի շատ բարդ (ծիծաղում է–հեղ.), բայց ես դա միայն առավելություն եմ համարում։ Ես պերֆեկցիոնիստ եմ և ինձ հետ կապված ամեն բան պետք է լինի կա՛մ շատ լավ, կա՛մ ընդհանրապես չլինի, իսկ հետո կլինի այն, ինչ պիտի լինի։
–Ունե՞ք սիրած երգիչ, որի օրինակին կուզենայիք հետևել։
-Շատ են, ամենասիրելի երգչուհիները Ուիթնի Հյուսթոնն ու Քրիստինա Ագիլերան են, բայց նրանց օրինակին դժվար ցանկանայի հետևել (ծիծաղում է – հեղ․), իսկ Սթիվի Ուոնդերը և Ադելն ինձ համար ուղղակի ֆանտաստիկ մագնիսական ձգողականություն ունեցող երգչուհիներ են։
Ամբողջությամբ՝ armenpress.am