Ի տարբերություն գրասենյակային կաշառակերության` գիտության բնագավառում կոռուպցիոն մեխանիզմները կասեցնելը բավական բարդ ու երկարատև գործընթաց է: Օրինակ` գիտական աստիճանի շնորհման գործընթացում, որը 3-4 տարի է տևում, եթե արդեն իսկ կա հանցավոր համաձայնություն կողմերի միջև, ապա այդ գործընթացը կասեցնելը շատ դժվար է:
Տարիներ շարունակ այդ կոռուպցիոն սխեմաներով գիտական աստիճաններ ու կոչումներ են շնորհվել մարդկանց, որոնք, մեղմ ասած, գիտության հետ որևէ կապ չունեն և չեն էլ ուզում ունենալ: ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով, սա ԲՈԿ-ի հիմնական խնդիրներից է, որի լուծման ուղղությամբ կոմիտեն խիստ քայլեր է ձեռնարկում: Ի՞նչ է արվել վերջին 9 ամսում այս կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ, ի՞նչ սկզբունքներով է աշխատելու ԲՈԿ-ը, և ինչպիսի՞ն է Հայաստանի գիտության ապագան Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պատկերացմամբ: