ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօրվանից մինչև մարտի 21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է:
Այսօր հանդիպում է կայացել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը։
Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաև Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը։
Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Կոտնեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հայնրիխմանի, Անտոն Ֆրիզենի և Վալդեմար Հերդթի հետ։ Գերմանական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան։
Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում։
Ամբողջությամբ՝ asekose.am