Ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշում են որպես Երիտասարդների համաշխարհային օր: Հայաստանում այն պաշտոնապես չի նշվում, բայց երիտասարդական կազմակերպությունները նշանավորում են օրը բազմապիսի միջոցառումներով: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ «Երիտասարդական ակումբներ» դաշնությունը ևս մի քանի միջոցառում է նախապատրաստել: Մարզերում բնակվող երիտասարդների համար մենք կազմակերպել ենք բնապահպանական փոքրիկ ծրագիր` ծառատունկի տեսքով: Երիտասարդները պետք է սոցցանցերում իրար մարտահրավեր նետելով` ծառ տնկեն»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի երիտասարդների ոչ ավելի, քան 10 տոկոսն է ընդգրկված հասարակական կազմակերպություններում, մշակութային ակումբներում, այսինքն՝ իր հիմնական գործունեությանը զուգահեռ իրականացնում է նաև հասարակական ակտիվ գործունեություն:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահն ընդգծեց, որ ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր գործազրկության մակարդակը Հայաստանի երիտասարդների շրջանում է: «Երիտասարդական ակումբների դաշնության ծրագրերի մի մասն այդ պատճառով 2017 թվականին միտված է լինելու երիտասարդական ձեռներեցությանը»,-ասաց նա:
Երիտասարդների համաշխարհային օրվա հետ կապված՝ բանախոսը բոլոր երիտասարդներին մաղթեց լինել նախաձեռնող և պահանջկոտ: