Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան:
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով:
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասաց որ շենքերը լինելու են սեյսմակայուն:
«Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն առկա են: Որևէ խնդիր այստեղ չի կարող լինել: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կան բնապահպանական խնդիրներ, զբաղվում են շահարկմամբ»,- ասաց Քարամյանը:
Բնակելի ավանում վեր կխոյանա 8 մասնաշենք` 1160 բնակարանով: Նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 54 միլիարդ դրամ: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1400 աշխատատեղ:
Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար:
Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը: