Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը

Երևան էքսպո» կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց  «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ:

Թմբուկների զարկերի ներքո ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:

Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

«Այն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանում: Առաջին անգամ է, որ նման բովանդակությամբ խոշոր ցուցահանդես է անցկացվում, որտեղ հնարավոր է գտնել երեխաների խնամքին, զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հայ մայրերը պետք է հնարավորություն ունենան մասնագետների հետ քննարկել երեխայի խնամքի հետ կապված հարցերը, ինչին էլ ուղղված է այս հարթակը»,- ասաց Աննա Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նպատակ ունեն նման միջոցառման անցկացումը դարձնել և՛ ավանդական, և՛ ապահովել հասանելիություն այլ մարզերի բնակիչների համար:

Միջոցառմանը մասնակցում են այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոններ: Օրվա ընթացքում քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն կտա ծնողներին տեղում, անմիջապես մասնագետներից, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Ես շատ ուրախ եմ, որ մյուս մեր գործընկեր կազմակերպությունների հետ մաս ենք կազմում այս միջոցառմանը և ցույց ենք տալիս ծնողներին, թե ինչպիսի հնարավորություններ գոյություն ունեն երեխաներին ավելի մեծ հոգատարություն ու խնամք ապահովելու համար: Այս տարին հատուկ մեզ համար, մենք նշում ենք Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակը: Ես մի քանի թիվ եմ ուզում ներկայացնել, վերջին տարիների ընթացքում մենք մեր գործընկերների հետ միասին զբաղվել ենք ավելի շատ 20 հազար երեխայի ճակատագրով, ավելի քանի 100 պոլիկլինիկաներում օժանդակել ենք խորհրդատվական սենյակների ստեղծմանը, որտեղ ծնողները կարող են համապատասխան գիտելիք ձեռք բերել»,- ասաց Տանյա Ռադոչայը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց, որ արդեն 20 տարի է աշխատում են Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով, յուրաքանչյուր դեռահաս, երիտասարդ կկարողանա իր ներուժը, տաղանդն ամբողջությամբ օգտագործել:

«Շատ ուրախ եմ տեսնել այսքան հետաքրքրված երիտասարդների, ծնողների, դեռահասների, այսքան հրաշալի մանուկների: Սա իսկապես եզակի միջոցառում է օգտակարը հաճելիի հետ համադրելու համար: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեծ սիրով միացել է այս օգտակար ու բարի նախաձեռնությանը՝ կարևորելով նպատակը, այն է ՝ հանուն ավելի կիրթ ու առողջ ապագայի: Ամեն ինչ արվել է, որը տոն դառնա յուրաքանչյուր մասնակցի համար»,- ասաց Ծովինար Հարությունյանը:

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերն այցելեցին տաղավարներ, ծանոթացան կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների ծառայություններին: Ցուցահանդեսային բովանդակությունն էլ ավելի լցրեցին փոքրիկները, ովքեր ակտիվորեն մասնակցում էին նկարչության դասընթացին, խաղերին, լաբորատոր ցուցադրությանը: Փոքրիկ իշխան կրթահամալիրի սաներն էլ հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ: Երեխաները, նրանց ծնողները առիթ բաց չէին թողնում ողջունելու Աննա Հակոբյանին:

Միջոցառումը մեկօրյա է, այն բաց կլինի մինչև մարտի 23-ի ժամը 19:00-ը:



Նման նյութեր