Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրբելյանը պիտի մնա օպերայի տնօրեն` ասեմ, թե ինչու (hատկապես այն մարդկանց համար, որոնք դատողություններ են անում մի ոլորտի մասին, որին չեն տիրապետում)
Մեր մշակույթի պատասխանատուներին պիտի նախ բացատրել, որ դասական արվեստը տարբերվում է մնացած բոլոր ոլորտներից։ Օպերային թատրոնի օրենքները ուրիշ են։ Նախ պիտի այդ օրենքները իմանալ, հետո նոր` որոշումներ կայացնել։ Դասական արվեստը օրվա քաղաքականություն չէ` որ այսօր մեկին հանես, վաղը` մյուսին դնես։ Ավելի հեշտ է որևէ նախարարի հանել գործից, քան արվեստի պատասխանատուի։ Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորները ողջ պատմության ընթացքում ավելի քիչ են փոխվել, քան Հռոմի Պապերը։ Սա` իմիջիայլոց։
Օրբելյանը ունի միջազգային ավելի մեծ հեղինակություն, քան շատերը կարող են պատկերացնել։ Նաև դրա շնորհիվ է, որ Օրբելյանը մեր օպերայում իրականցրեց մի քանի մեծ պրոյեկտ, որոնք այնպիսի ծախսերի հետ էին կապված, որ Հայաստանը չունի և առաջիկայում չի ունենալու։
Դասական արվեստը, հատկապես օպերան, թանկ գին ունի։ Մենակատար երգիչը (երգչուհին) պիտի ստանար ամսական գոնե 5000 եվրո, ոչ թե` 350 որ հիմա է ստանում, մնացած արտիստները` գոնե 2000, ոչ թե` 200, որպեսզի թատրոնը տարեկան ունենար գոնե 7-8 պրեմիերա…
Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ օպերա կամ ֆիլհարմոնիկ նվագախումբ, ապա դրա միջոնցները Հայաստանը կունենա ամենաշուտը 10-15 տարի հետո` եթե ամեն տարի տնտեսապես զգալի աճենք ու պատերազմն էլ չվերսկսվի։
Իսկ մինչև հիմա Հայաստանը դիմել և դիմում է հին «ընկերական» մեթոդին։ Այսինքն հայտնի երաժիշտները Հայաստան են գալիս շատ փոքր հոնորարներով` իրենց հայ ընկրների խնդրանքով կամ հրավերով։ Իսկ ազգությամբ հայերը` շատ հաճախ ուղղակի փող չեն պահանջում։ Մերոնցից ով կարողանում է դրսում պայմանագիր ստանալ, վաստակում է։ Ով ո՛չ` ոչ։
Եթե մենք ստիպված լինեինք բոլոր մեծ արտիստներին վճարել այնպիսի հոնորար, որ վճարում են ճապոնացիները կամ ամերիկացիները, ապա հայ հանդիսատեսը նորմալ ներկայացում չէր տեսնի տարիներով։ Վիճակը սա է։
Օրբելյանը այն մարդկանցից է, որ հենց այս իրողության պայմաններում իր հեղինակության հաշվին արեց այնպես, որ մեր օպերան վերջապես սկսեց օպերայի նմանվել։ Ու քանի դեռ մշակույթի նախարարությունը չունի այն միջոցները, որ կարողանա դասական արվեստ ֆինանսավորել, ապա պիտի միայն ուրախ լինի, որ Օրբելյանը համաձայնել է աշխատել Երևանում։
Ինչ վերաբերում է օրենքին. չլուծվող հարց չկա, ցանկության դեպքում հնարավոր է և՛ պահպանել օրենքի տառը և՛ թույլ տալ մարդուն աշխատել։ Հայաստանը միջազգային հեղինակությունների հետ տգեղ վարվելու շատ տխուր ավանդույթ ունի` սկսած Ռիխտերից ու Գերգիևից, վերջացրած Օհան Դուրյանով։ Անթույլատրելի կլինի, եթե այդ փորձը կրկնվի»։