Կոնստանտին Օրբելյանի հետ կապված պատմության շուրջ առաջացած աղմուկը սպասելի էր, սակայն, անկեղծ ասած, բորբոքած կրքերի առումով գերազանցեց բոլոր սպասումները։ Թվում էր՝ հասարակությունը սկսում է սովորել նման բաների, բայց` ոչ։ Եվ դա հուսադրող է. նշանակում է, հասարակությունը դեռ կարողանում է դիմադրել, իսկ դիմադրելու առիթներ կան։
Եթե հաջողվի պահպանել Օրբելյանին, ապա դա կարող է դրական նախադեպ դառնալ։ Ժամանակին մենք կորցրեցինք Ճգնավորյանին և Դուրյանին, շատերը կգումարեն նաև Գերգիևին, սակայն նա հեռացավ լրիվ այլ ժամանակներում և այսօր գոյություն չունեցող երկրում։
Իսկ Օրբելյանին պահպանել պետք է, նույնիսկ անկախ նրանից, որ անկանխակալ մտածելու պարագայում, համաշխարհային մակարդակի մաեստրոն կարող է բավարարվել առանց թատրոնի տնօրենի վարչարարական պաշտոնի. զբաղվել արվեստով, առանց հաշվապահության և տնտեսական մատակարարման հոգսերի։ Փաստարկներն այն մասին, որ Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից հանելը, դա դեռ սկիզբն է, իսկ վաղը նրան կզրկեն նաև ստեղծագործական պաշտոններից, ներկա փուլում կարող են դեռ չդիտարկվել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «վարչարարական պաշտոնը, այսինքն տնօրենի պաշտոնը և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը դրանք տարբեր պաշտոններ են։ Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, որը իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ։
Բայց չէ՞ որ հարցն այլ է, այն, որ բացարձակ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը, այսինքն մի գերատեսչության պաշտոնակատար, որն այն աստիճանի են օպտիմալացրել, որ այն կարծես թե նույնիսկ գոյություն չունի, և ինչպես պնդում են` ինքն էլ խնդիրներ ունի օրինական ճանապարհով պաշտոնին նշանակվելու հարցում, աշխատանքից հեռացնում է ոչ թե ինչ–որ մեկի, այլ Կոնստանտին Օրբելյանին։ Այն էլ այն պատճառով, որ նա զբաղեցնում է պաշտոնները չթույլատրված կարգով, բացի այդ չի տիրապետում մայրենի լեզվին։
Քմահաճու՞յք է։ Միանշանակ` ոչ։ Միայն թե պետք չէ այստեղ ռուսատյացություն տեսնել, դա կապ չունի։ Կոնստանտին Օրբելյանը, որը Սան Ֆրանցիսկոյում է ծնվել, ռուսերենից վատ չի տիրապետում նաև անգլերենին, այնպես որ նույն հաջողությամբ կարելի է այստեղ «անգլատյացություն» գտնել։