Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի մոր՝ Լիլիթ Ավագյանի հետ զրույցի համար երկար էի պատրաստվել։ Հարցերը կազմելիս լավ ծանրութեթեւ էի արել՝ չցավեցնելու, դեռեւս թարմ վերքը չբորբոքելու համար։ Բայց գրի առած հարցերս այդպես էլ նրան չուղղեցի։ Տիկին Լիլիթի հետ նախապատրաստածս հարցազրույցը վերածվեց ուղղակի զրույցի, որը չծավալվեց ընտրածս՝ հայ կնոջ ու հայ մոր թեմայի շուրջ։ Ակամա մեր զրույցի թեման դարձան Արամայիսն ու որդեկորույս մոր ցավն ու կսկիծը։
«Տեսել ենք արցախյան պատերազմ, զոհեր ենք ունեցել։ Միշտ ցավով ու ափսոսանքով էի ընդունում։ Միշտ հարց էր առաջանում՝ մայրերն ինչպե՞ս են հաղթահարում որդու կորուստը, այդ դժվարությունը, ցավը։ Ու հիմա, երբ ես եմ հայտնվել այդ իրավիճակում… աննկարագրելի իրավիճակ է։ Օր օրի, տարին տարվա վրա կարոտն ավելի է խեղդում»։ Ասում է՝ ինքն իրեն խաբում է, պատկերացնում, որ իբր Արամայիսը արտերկրում է։ Իսկ հենց սկսում է սթափ դատել եւ գիտակցել, որ… դառն իրականությունն է զգում, աննկարագրելի ցավ։
Բայց այդ ցավը, կարոտը, հավատացնում է, ավելի ուժեղ են դարձնում իրեն. «Չգիտեմ՝ գերբնական ո՞ւժ է, մեր տղանե՞րն են մեզ ուժ տալիս, որ չկոտրվենք։ Երեւի ուժը ի վերուստ տրված է հայ մայրերին։ Երբեմն վերլուծում եմ ինքս ինձ ու հարցնում՝ սա ե՞ս եմ, ո՞նց եմ հաղթահարում, ո՞նց եմ ապրում»։
Հերոսածին մայրը բարձրաձայնում է, որ երբեւէ չի ասել՝ հպարտ է, որ հերոսի մայր է. «Ես հպարտ էի, որ ինքն իմ կողքին էր, ինձ հետ քայլում էր, ես հպարտ էի, որ իմ թիկունքին ամուր կանգնած տղամարդ էր, հպարտ էի, որ հայոց բանակի զինվոր էր ու հպարտությամբ, մեծ պատվով էր ծառայում։ Պատվով է ծառայել տղաս՝ մեկ տարի եւ երեք ամիս»։
Արամայիսի ծառայությունը հենց այդ ժամկետում էլ վաղաժամ ավարտվեց, այլապես նա իր ձեռքով մորը ծաղիկներ կբերեր։ Մարտի 8-ին էլ, ապրիլի 7-ին էլ երկու որդիների պատրաստած անակնկալները, տիկին Լիլիթի խոսքերով, մի այլ կարգի լավ էին ստացվում։ Եվ 2016թ. մարտի 8-ն էլ բացառություն չէր։ Արամայիսը եղբորը «հրահանգավորել» էր՝ իր կողմից գեղեցիկ ծաղկեփունջ նվիրի մորը։ Իսկ ապրիլի 7-ին, ասել էր, որ ինքն է գալու՝ շնորհավորելու։ Խրախուսանքի էր արժանացել, արձակուրդ էին ուղարկելու։ Մորն անակնկալ էր անելու, ուստի այդ մասին եղբայրը պետք է գաղտնի պահեր։ «Բայց ապրիլի 4-ին…»,-արցունքները խեղդում են տիկնոջ կոկորդը, ու խոսքը կիսատ է մնում։ Հետո ուժ է հավաքում ու ավելացնում, որ ուզում է՝ վերջապես խաղաղություն հաստատվի։ «Բա՛վ է, իսկապես բա՛վ է, որ սեւազգեստ մայրերն ավելանան։ Ես ամեն մի նոր զոհի հետ մի նոր ցավ եմ ապրում։ Ուզում եմ, որ մայրը որդուն բանակ ճանապարհի ու դիմավորի չոր աչքով։ Երբ Արամայիսին էի ճանապարհում, որքան էլ կարողացա ինձ զսպել, արցունքներս ցույց չտալ, բայց զինկոմիսարիատում նայեց աչքերիս ու ասաց՝ չլացե՛ս։ Ես պատվով ծառայելու եմ ու պատվով հետ գամ։ Ասացի՝ գնա, տղե՛ս, պարտքդ կատարի ու հետ արի»,-պատմեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով նաեւ, որ այսօր ամեն զինվորի մեջ իր որդու տեսակն է փնտրում՝ ժպիտը, հայացքը, քայլվածքը։ Նույնիսկ պատահում է՝ փողոցում իրեն չի կարողանում կառավարել, մոտենում, փարվում է անցորդ զինվորին. «Զարմացած նայում են երեսիս, ասում եմ՝ կներես, տղա՛ ջան, ուղղակի մի պահ տղայիս նմանացրեցի։
Հիմա իր ընկերը ծառայում է բանակում։ Իմ հանդեպ շատ ուշադիր է, հաճախ է զանգում, իմ որպիսությամբ հետաքրքրվում, ու իր ձայնը, իր խոսքը… Ես ուզում եմ ուղղակի լսել իրեն, վայելել իր բառերը, որովհետեւ շատ նման է իմ Արամայիսին՝ հանգիստ, հանդարտ՝ ոնց որ Արամայիսը։ Հարցնում է՝ մո՛ք ջան, ո՞նց եք, լա՞վ եք։ Ընկալում եմ ինչպես իմ տղային՝ «մա՛մ ջան, լա՞վ եք»։ Ոնց որ իմ տղան լինի»։ Ու նորից չի կարողանում զսպել արցունքները, ու էլի խոսքը կանգ է առնում կոկորդում։ Բայց կարճ ժամանակ անց թրթռացող ձայնով շարունակում է, որ որդին Հայաստանի զինանշանն էր քանդակում, որ ծառայության վերջում նվիրեր զորամասին։ Բայց աշխատանքն այդպես էլ անավարտ մնաց ու իրեն փոխանցվեց. «Աշխատանքը ավարտելուց հետո հպարտությամբ ու բավարարված նայում էր գործին, ուրեմն՝ իր ուզածն էր ստացել։ Ամեն մի ձեռքը, ամեն մի մատը մի շնորհք էր։ Յուրահատուկ էր ինքն իր տեսակով։ Ու միշտ ինչքան քանդակում էր, ասում էր՝
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Հարցնում էի՝ ինչի՞ ես էդպես ասում, ցա՜վդ տանեմ։ Ասում էր՝ մամա՛, չգիտեմ։ Կարող է մի օր չլինեմ, բայց ինձ իմ գործերով ճանաչեն»։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մասին այս ու մյուս հուշերը մայրը ներկայացրել է հաստ կազմի ներքո։ Հոգեբանի հետ աշխատելիս որդու մասին պատմելիս ակամա ծնունդ է առել «Քեզ հետ, բայց առանց քեզ» գիրքը։ Գրքում ուսուցչուհին պատմում է, որ աշակերտներին հանձնարարել է աշնան թեմայով որեւէ գործ արտասանել։ Երբ հերթը հասել է Արամայիսին, վերջապես ուժ է հավաքել ու սկսել՝
Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Ուսուցչի հուշերը կարդալուց հետո տիկին Լիլիթը փոխանցեց նաեւ նրանց զրույցը. «Լա՜վ էլի, Արամայիս։ Ա՛յ տղա, բոլորիս տխրեցրիր»։
Ի՞նչ անեմ, ընկեր Խաչատրյան»։
«Կոչս է, որ եկող սերունդը կրթվի ու դաստիարակվի հայրենասիրության ոգով՝ հարգելով բոլոր ժամանակների հերոսներին, որոնց արյան գնով ունենք այս օրը։ Կուզեմ՝ երբեւիցե չմոռանան տղաների հերոսությունը։ Բոլոր տարածաշրջաններից զոհեր ունեցել ենք։ Եթե ամեն մեկն իր տեղում հարգի ու պատվի հերոսների հիշատակը, հավատացեք՝ ամուր հայրենիք, հայրենասեր սերունդ կունենանք։ Միջոցառումների ժամանակ երեխաներն անգիր խոսքեր են ասում, բայց միջոցառումից հետո չեն հասկանում՝ ի՞նչ տարան այդ խոսքերից, հերոսին նվիրված միջոցառումից»,–ասաց հերոսի մայր Լիլիթ Ավագյանն ու խոսքն ուղղեց պատկան մարմիններին, որ մայրերի հանդեպ փոքր-ինչ ուշադիր լինեն։ Զգում է, որ այդ ուշադրությունն աստիճանաբար նվազում է։ Իսկ դրա կարիքը, ըստ նրա, իրենք զգում են. «Ընդամենը ուշադրություն, ընդամենը հարգանք, ուրիշ ոչ մի բան, ո՛չ նյութական արժեքներն եմ մեջ բերում, ո՛չ էլ այլ բան։ Միայն հարգանք եւ ուշադրություն»։
Թամարա Մուրադյան