Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակում Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներն ապրիլի 2-ին բնությանը նվիրված բանաստեղծություններ ընթերցեցին, բալի և սալորի ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում:
«Կարծում եմ` երեխաներն այս օրը երբեք չեն մոռանա, քանի որ իրենց ձեռքով են ծառ տնկում: Շատ լավ կլինի, եթե նրանք հետագայում հոգ տանեն ծառերի մասին, խնամեն դրանք, տեսնեն, թե ինչպես են ծառերը մեծանում ու բերք տալիս, չէ՞ որ բնության պահպանությունն առաջնահերթություն է բոլորիս համար»,- նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը:
Նա շեշտեց, որ ծառատունկի վայրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կա իրանական ընթերցասրահ, և համագործակցությունն Իրանի դեսպանատան հետ շատ ամուր է: Ծառատունկը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը:
Ամեն տարի գարնանը Հայաստանի գրողների միությունը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլ կառույցներ անցկացնում են «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակը երեխաների կապը գրքի, մշակույթի հետ ամրապնդելն է: Շաբաթվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում Երևանի և մարզերի գրադարաններում, դպրոցներում: