Գյումրու քաղաքապետարանը դիմել է քաղաքի միջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով
Advertisement 1000 x 90

Գյումրու քաղաքապետարանը դիմել է քաղաքի միջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով

Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ քաղաքի միջուկը այդ միջազգային կազմակերպության պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով: Այս մասին օրերս լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին դեռ պատասխան չի ստացվել: Խոսքը վերաբերում է հիմնականում Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված շինություններին, որոնց մեծ մասը վթարային է և ունի վերականգնման կարիք:

Նույն խնդրով դեռ 2018 թվականի նոյեմբերին 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում խոսել էր կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ՝ միջազգային կառույցի ուշադրությունը հրավիրելով քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը եւ ներկայացնելով պատմաճարտարապետական արժեքավոր շինությունները:

«Դեռ սպասում ենք: Գործընթացը շատ երկարատև է՝ ասում են նույնիսկ մինչև 5 տարի է տևում, մինչև վերջնական հաստատումը: Եթե դրական արձագանք ստանա այս առաջարկը, ապա դա քաղաքի պատմական միջուկի պահպանման լավագույն լուծումներից կլինի»,- նշեց քաղաքապետը: