Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը վերականգնվել է: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա, սակայն, արձանագրության հայերեն հատվածը, որը փորագրված է հուշաքարի ստորին մասում, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։
Ամիսներ առաջ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ թույլատրելու հուշաքարի վերականգնումը։ Դեսպանության խնդրանքով Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի հովանավորությամբ հաջողվել է փրկել հուշաքարը՝ տեղադրելով այն պատվանդանի վրա։ Այդպիսով ապահովվել է ոչ միայն հուշարձանի հետագա պահպանությունը, այլև այն դարձել է առավել տեսանելի անցորդների համար։
Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է Խոջա Պետրոս անունով։
Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը Մադրասի երկու հատվածները կապող կարևորագույն օղակէ եղել և միայն 1966 թվականին դրա անմիջական հարևանությամբ կառուցվել է նոր կամուրջ։