Այս մասին հայտարարված է Հայյաթ-Ջերմուկի ֆեյսբուքյան էջում՝ չնշելով պատճառները՝ ընդգծելով միայն, որ Ջերմուկի հյուրանոցը այլևս Հայյաթի ցանցում չէ:
Asekose.am-ի տեղեկություններով Հայյաթ Ջերմուկում վերջին 3 տարում ամենախոշոր հաճախորդը Լիդիանն էր, որն ապահովում էր տարեկան հարյուրավոր մարդկանց գիշերակաց. դա Ջերմուկի համար ահռելի թիվ է:
Այստեղ էին անցկացվում նաև Լիդիանի բոլոր հանդիպումերը, կոնֆերանսները, այստեղ էին գիշերում նաև Լիդիանի արտասահմանցի հյուրերը:
Լիդիանի անձնակազմը օգտվում էր նաև Հայյաթի սպորտային սրահներից, ռեստորաններից:
Հայյաթ հեղինակավոր բրենդի ներքո Ջերմուկի այս հյուրանոցն աշխատեց երեք տարուց պակաս՝ այսինքն հենց այն շրջանում երբ ակտիվ ընթացքի մեջ էր Ամուլսարի շինարարությունը:
Ականատեսները պնդում են, որ Լիդիանի դուրս գալուց հետո հյուրանոցը կիսադատարկ էր:
Ու հնարավոր է, որ սա է պատճառ հանդիսացել, որ Հայյաթ հեղինակավոր բրենդը որոշել է դուրս գալ Ջերմուկից:
Այսինքն՝ Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցումից հետո տուրիզմը Ջերմուկում ոչ միայն չի ծաղկում, այլև խորը ճգնաժամ է ապրում, քաղաքից հեռանում է տուրիստական միակ լուրջ բրենդը:
Ի դեպ, ջերմուկցիների պնդմամբ նույն տնտեսական ծանր վիճակում են նաև քաղաքի մյուս հյուրանոցները,որոնք մինչ այդ օգտվում էին Ամուլսարի ծրագրի արդյունքում ստեղծված եռուզեռից. այս հյուրանոցների համարները հիմնականում ու կլոր տարին զբաղված էին Լիդիանի աշխատակիցներով կամ այցելուներով:
Ձմեռվա սեզոնին, երբ կանգնած էր Ամուլսարի ծրագիրը, ըստ ականատեսների, Ջերմուկի փողոցները դատարկ էին, ու նույնիսկ մթերային խանութներում առևտուրը «նիսյայով» են անում, քանի որ մարդկանց ձեռքին փող չկա: