Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցի ամենավերջում, երբ արդեն շքամուտքի մոտ հրաժեշտ էինք տալիս միմյանց` ամփոփելով հանդիպման և զրույցի թեման, հանկարծ Արքմենիկն սկսեց պատմել այն, ինչն իրականում, թերևս, ամենակարևորն է` ապրված հազարավոր տեսարաններից, դեպքերից, պատկերներից այն մեկը` արդեն այնքան հեռու և համարյա անիրական, որն այցելում է մարդուն իբրև ցնորք, որտեղ ինքը երջանիկ էր: Ոչ մի հարմարավետություն չկա երջանկության հետ ասոցացվող այս ուտեսարանում, բայց գուցե հենց այդ շոգ միջօրեն է եղել շարունակվող կյանքի իմաստի խարիսխը:
«Մեր գյուղում էր. ամռան շատ շոգ կեսօր էր: Բարձրանում էի փողոցով, որի կողքերն այգիներ էին: Ծառերի թեթև սվսվոց կար: Հիմա հիշում եմ այդ պատկերը և հենց հիմա բույրն էլ եմ զգում իմ ռունգերում: Մարդիկ տներում չէին, արտերում էին, աշխատանքի: Լռություն կար: Միշտ կար մի բզեզ, որ մի քիչ բզզում էր, հետո ձենը կտրում, նորից բզզում, էլի լռում: Բայց ամենակարևորը ուժեղ շոգն էր: Մի առու կար, որ շոգից ուժասպառ հազիվ հոսում էր: Երբ ուզում եմ աշխարհից վերանալ, այս պատկերն է գալիս աչքիս: Բայց սա այնքան ողբերգական պատկեր է` անհետ կորած, չվերականգնվող, ուզես բռնել` չես կարող, ուզես ետ բերել` չես կարող: Հիմա սա երջանկությու՞ն է»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան
Երջանկությունն անսահմանելի և ընդհանրական առումով գոյություն չունեցող մի բան է: Կյանքիս ընթացքում միշտ ամրագրել եմ պահերը, երբ երջանիկ եմ եղել: Եթե հիմա վերլուծեմ իմ կյանքը, թե ինչ հանգամանքներից, ինչ դեպքերից, ինչ մարդկանցից է բաղկացած, ապա Ձեր ասած տնտեսագիտական հաշվարկի տեսակետից, երևի թե, երջանիկ պահերը կգերակշռեն: Բայց մեծ հաշվով ասել, թե ես երջանիկ մարդ եմ, բարդ կլինի: Գուցե այն պատճառով, որ մարդն ավելի շատ վատի վրա սևեռվող էակ է. երջանիկ վայրկյանի հիշողությունն ավելի քիչ է ուղեկցում, քան դժբախտության կամ անհաջողության ակնթարթը:
Անձնական երջանկություն.
Երբ դեռ ամուսնացած չէի, դպրոցական երեխա էի, երջանկությունը պատկերացրել եմ մեկ սենյականոց խաղաղ, լուսավոր բնակարանում, կողքիս կինս էր և առնվազն երկու երեխա: Հիմա կնոջս և երկու երեխաներիս հետ ապրում ենք երեք սենյականոց բնակարանում, և օրվա մեջ, երբ հոգնած եմ, անտրամադիր եմ, փորձում եմ մտքիս մեջ նյութականացված տեսքով ամրագրել այդ տեսարանը:
Մասնագիտական երջանկություն.
Սա, ինձ համար, հակասական երևույթ է: Ես երջանկացել եմ իմ գրած ամեն հաջող նախադասությամբ: Նոր էինք ամուսնացել, կինս հեռախոսով տեսանկարահանել էր ինձ հոդված գրելու պահին: Ես տեսա էքստազի մեջ գտնվող մի մարդու, որ ապրում է իր գրած ամեն տառով:
Հանրային երջանկություն.
Շատ-շատ երջանիկ եմ եղել 1991 թ. սեպտեմբերի 21-ին: Տասնմեկ տարեկան էի, ապրում էի հեռավոր գյուղում` սովորական ընտանիքում, որտեղ օրվա հացի, առավոտը կովերին դաշտ ուղարկելու, բերելու և կթելու, խոտ դիզելու խնդիր կար…
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Երբ կարդում եմ երջանիկ երկրների մասին վերլուծությունները և չափանիշները, երջանկություն ասվածից սառնություն է փչում, ու պատահական չէ, որ ամենաերջանիկ երկրները հիմնականում սկանդինավյան երկրներն են: Երջանիկ երկիր ունենալու պայմանը տվյալ երկրի կոնկրետ մարտահրավերների լուծումներն են:
Ամբողջությամբ՝ armtimes.com