Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը հինգից տասներկու տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:
– Տիկին Սարգսյան, Ձեր հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի: Դուք բանասեր եք, գրում եք, նաև նկարում: Ընտանեկան մթնոլորտը նպաստե՞լ է ձեր մասնագիտական նախասիրությունների ձևավորմանը:
– Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։ Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։ Իմ շուրջը բոլորը աշխատում էին։ Պապիկս, օրինակ, «Արմենպրես»-ի թարգմանիչն էր։ Հիշում եմ, որ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարների երկար ճառերը ռուսերենից հայերեն թարգմանելու համար նա գիշերները մնում էր հիմնարկում՝ ապահովելով առավոտվա մամուլում ճառերի հայերեն տպագրությունը։
Մեծացել եմ գրքերի ու թատրոնի մասին զրույցներ ականջ դնելով, արվեստի համաշխարհային գանձերը մեր տան գրադարանում ուսումնասիրելով։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ հյուրեր էինք ունենում։ Ամեն հյուր իր կերպարն ուներ, ամեն հյուր իր պատմություններն ուներ, որոնք անչափ հետաքրքրում էին ինձ։
– Հոդվածներ, ակնարկներ եք գրել մշակութային գործիչների մասին: Այդ շրջանի գործունեության ի՞նչ հետաքրքիր դրվագներ են տպավորել Ձեզ:
Լոնդոնի թատրոններից մեկում բեմադրվեց Ազնավուրի ստեղծած մյուզիքլը ֆրանսիացի նկարիչ Անրի դը Թուլուզ Լոթրեկի մասին։ Արմենն ու ես գնացինք առաջնախաղին և շատ հավանեցինք։ Լոթրեքը պոստիմպրեսիոնիզմի հայտնի նկարիչներից է։ Նա ազնվական ընտանիքից էր և հիվանդությունների պատճառով հաշմանդամ էր և տրվել էր արվեստին։ Նրա գործերում շատ են կրկեսում աշխատող կանայք՝միակ կանայք, որ չէին խորշում նկարչից։ Ահա այդ դրաման էր պատկերված մյուզիքլում ՝ Ազնավուրի հիանալի երգահանության միջոցով։
Ներկայացումից հետո ճաշեցինք Ազնավուրի հետ, շնորհավորեցինք նրան և մաղթեցինք, որ ներկայացումը երկար տարիներ լինի բեմում։
Ավաղ, Ազնավուրի «Լոթրեք» մյուզիքլը դադարեցվեց մի քանի ամիս հետո։ Պատճառն ինձ հայտնի չէր։ Թերևս այդ գեղեցիկ օպերետը բեմադրվեց սխալ տեղում, սխալ ժամանակ։ Չէ՞որ Անգլիայում այս ժանրը մեծ մրցակցություն ունի ։
Արմենն ու ես ներկա էինք նաև վերջին ներկայացմանը և Ազնավուրի համար այդ տխուր օրը կիսեցինք նրա հետ, սփոփեցինք և հուսադրեցինք՝ ասելով, որ անպայման պետք է կրկնել բեմադրությունը։ Մենք նաև զրուցեցինք Ջավախքի Ախլցխա քաղաքի մասին, որտեղ ծնվել են Շառլի հայրը և իմ մայրը։ Այդպես մեր միջև ավելի սերտ բարեկամություն ստեղծվեց։ Ես ակնարկ գրեցի «Լոթրեք»-ի մասին, որը տպագրվեց Երևանում՝ «Առավոտ» թերթում և սփյուռքի հայկական մամուլում։
Ազնավուրը հրաշալի երաժշտություն էր գրել։ Գուցե հայ բեմադրիչները գտնեն «Լոթրեք» մյուզիքլը և կրկին բեմադրեն, քանի որ գեղեցիկ և հետաքրքիր ստեղծագործություն է։
– Բոլորս Շառլ Ազնավուրին գիտենք ոչ միայն որպես հրաշալի ստեղծագործողի, փայլուն երգահանի և մեծ հայի, այլև որպես սրտացավ ու բարի մարդու: Դուք առիթ եք ունեցել անձամբ ճանաչել նրան. հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Ազնավուրը առօրյա հարաբերություններում:
– Ազնավուրը շատ մարդկային անձնավորություն էր՝ առանց փառասիրության, առանց ձևականությունների։ Նա հանգիստ էր և հավասարակշռված ընկերների շրջապատում։ Նա համաշխարհային մեծության հասած դեմք էր, սակայն ամեն ինչ նրա մոտ ներդաշնակ էր, առանց որևէ ցուցամոլության։ Կեղծ նոտաներ չէի տեսնում նրա մեջ մեր զրույցներում։ Հիացած եմ Ազնավուրով՝ որպես պոետ ու երգիչ, որպես մարդ և որպես հայ։
– Չեմ կարող չանդրադառնալ հեքիաթներին, որոնք գրում եք: Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել մանուկների համար:
– Ստեղծագործել եմ յոթ տարեկանից, որն ինքնըստինքյան ստացվեց։
Հետագայում գրում էի խորհրդային մանկապատանեկան թերթերի և ամսագրերի համար, շատ ակտիվ էի դպրոցի գրական խմբակում։ Հեքիաթներ միշտ գրել եմ, սակայն հրատարակվել եմ 2005 թվականից։ Այդ հարցում ինձ քաջալերեց ամուսինս։ Ես թերահավատ էի, բայց Արմենն ինձ վստահեցրեց, որ հատկություն ունեմ երեխաների հետ խոսելու և նրանց պատգամներ հաղորդելու։ -Նշեցիք, որ հեքիաթների միջոցով պատգամներ եք ցանկանում փոխանցել երեխաներին: Որո՞նք են այն հիմնական արժեքները, որոնց կարող են ծանոթանալ փոքրիկ ընթերցողները ձեր ստեղծագործությունների շնորհիվ:- Կյանքը փոխվել է՝ բարդացել է և արագացել։ Ամեն ինչ տարբեր է, քան առաջ։ Այն, ինչ մեր երեխաներն են հիմա անում, մենք երազում էինք, կամ կարդում էինք գիտաֆանտաստիկ գրքերում։ Համակարգչային, հեռուստատեսային տեղեկատվության քանակը երեխաների համար էապես մեծացել է, և այս պայմաններում կարևոր է դարձել պահպանել մարդկային պարզ արժեքները։ Հեքիաթներիս միջոցով փորձում եմ երեխաներին բարություն և սեր փոխանցել՝ ընտանիքի, աշխատասիրության, ընկերնասիրության, համարձակության, իրար օգնելու կարևոր արժեքները սերմանել նրանց մեջ։
– Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք հեքիաթների նոր ժողովածու լույս ընծայել: Կբացե՞ք փակագծերը:
– «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծել եմ թոռնիկիս՝ Սավաննայի հետ։ Նա վեց տարեկան է։ Մենք պատմություններ էինք հորինում այս երկու կերպարների մասին և, ի վերջո, որոշեցինք գրքի վերածել այն։ Սավաննան նկարազարդեց գիրքը, որը լույս կտեսնի շատ շուտով՝ Լոնդոնում, ինչպես նաև Երևանում՝ անգլերեն և հայերեն։
– Սավաննան Հայաստանո՞ւմ է ապրում:
– Մենք ունենք երկու որդի՝ Վարդանը և Հայկը։ Վարդանն ամուսնացած է և ունի երեք զավակ։ Որդիներս աշխատում են Լոնդոնում։ Հիմա թոռնիկներս այստեղ են՝ Երևանում։ Ամրապնդում են իրենց հայերենը և մաթեմատիկան։
– Խոսեցիք Լոնդոնի մասին… Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք Հայաստանը, բայց Լոնդոնի նման հրաշալի քաղաք աշխարհում չկա: Որքան գիտեմ, բավականին ցրտաշունչ քաղաք է, «Ֆորսայթների պատմությունը» ընթերցելուց հետո հասկացա, որ սառը ու հաշվենկատ մարդիկ են անգլիացիները: Այդ քաղաքի հատկապես ի՞նչն է ձեզ գրավում: Որո՞նք են այնտեղ անցկացրած տարիների ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձությունները:
– Ո՜չ Լոնդոնը և ո՜չ էլ Փարիզը այլևս ցրտաշունչ քաղաքներ չեն. հավանաբար կլիմայական փոփոխությունների հետևանքով։
Լոնդոնը ինձ համար հրաշալի է նրանով, որ այն համաշխարհային մշակույթի կենտրոն է։ Բազմազան ընտրություն կա համերգների և ՝ օպերաների, բալետների և կինոդիտումների, դասախոսությունների և ցուցահանդեսեսների: Աշխարհի լավագույն երաժիշտները ձգտում են ելույթ ունենալ Լոնդոնում, լավագույն նկարիչները ձգտում են ցուցադրվել այնտեղ:
Այս բոլորով հանդերձ, Երևանն է իմ քաղաքը և իմ սիրա՜ծ քաղաքը։
– Դժվարությա՞մբ թողեցիք Լոնդոնը:
– Ես շատ հաճախ եմ ճամփորդել եմ և ապրել տարբեր քաղաքներում։ Բոլոր տարիների ընթացքում եկել եմ Երևան, որն իմ տունն է։
– Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ: Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:
– Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։
– Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:
– Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։
-Շուտով մոտենում է ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը: Ի՞նչ կմաղթեք կանանց:
– Մայրության ու գեղեցկության տոնի առիթով մաղթում եմ մեր կանանց առողջություն և երջանկություն։
Սիրելի կանայք, ձեր աչքերի փայլը, ձեր ժպիտը, ձեր քաջալերանքը ամուսնուն և երեխաներին, ձեր զրնգուն ձայնը և ուրախ ծիծաղը վարակում է բոլորին։ Ուստի շարունակենք լինել ուժեղ, լավատես և կենսունակ հայ նոր սերունդը կրթելու համար։