«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր իշխանությունների օրոք առողջապահության ոլորտում սկսեցին կոռուպցիոն սկանդալներ ի հայտ գալ։ Դեռ հեմոդիալիզի սարքերի մատակարարման տենդերների շուրջ սկանդալը չմարած՝ պայթեց փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման լուրը։ Մինչև փոխնախարար նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալի պաշտոնը։
ՊԱԳ-ը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հենց այն մարմինն է, որը բուժհաստատությունների հետ կնքում է պետական պատվերի մասով բուժծառայությունների մատուցման պայմանագրերը, ընդունում է հաշվետվություններն ու իրականացնում է փոխհատուցումը, այսինքն՝ պետության կողմից պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումար է տրամադրում բուժհաստատություններին։ Նշենք, որ ՊԱԳ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալների պակաս չի եղել։
Մասնավորապես, երեք տարի առաջ ձերբակալվել էին ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը, ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը և Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը։ Այս առումով շատերի համար զարմանալի էր Արսեն Դավթյանին փոխնախարարի պաշտոնում նշանակելն ու նրա նկատմամբ նախարար Թորոսյանի վստահությունը։
Նախարարության հետ, արդեն միջազգային փորձագետի կարգավիճակով, ակտիվ շփումների մեջ են նաև նախկին ՊԱԳ-ականներ Սարո Ծատուրյանն ու Սամվել Խարազյանը։ Սարո Ծատուրյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես գրել էինք, կարճվել էր քաղաքական պատճառներով, համարվում է առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն։
Նման մարմնի ստեղծման հնարավորությունը (որն ըստ ամենայնի դուրս է մղելու մասնավոր ապահավոգրական ընկերություններին) քննարկվում է Արսեն Թորոսյանի կողմից պրոպագանդվող առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում», -գրում է թերթը՝ ավելացնելով, որ իրենց հասած լուրերով՝ ոլորտում շատերը տարակուսած են Սարո Ծատուրյանի ու Սամվել Խարազյանի ներգրավվածությունից՝ հաշվի առնելով վերջինիս մեղմ ասած «ոչ միանշանակ» անցյալը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։