«Սպայկա» բեռնափոխադրող եւ գյուղմթերքներ ներկրող ու արտադրող ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու ՊԵԿ մտադրության առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր տարակուսանքը հայտնեց․ «Եթե ինֆորմացիա կա, որ ինչ-որ մարդու պետք է բռնել, ապա պետք չէ գնալ ու նկարվել նրա հետ, մասնակցել պանրի արտադրամասի բացմանը, նկարվել, հետո բռնել։ Հետեւաբար, այստեղ անկապ բան կա։ Կամ՝ մինչ այդ իրենք չգիտեի՞ն, թեպետ ենթադրում եմ, որ պետք է իմանային, մինչեւ դա գիտեին, չէ՞, որ 7 մլրդ-ի վնաս է հասցվել, հիմա գնում եք՝ այդ ընկերությունը բացում, իրար գովում եք, ժպտում եք իրար, ուրախանում եք, հետո բռնում եք այդ մարդուն»։
Մարուքյանն այս ամենից հետեւություն է անում, որ իշխանության ներսում իսկական «քաոս» է․ «Չհամակարգված իշխանություն, որի արդյունքում նման բաներ են կատարվում, բնականաբար, տնտեսությունը տուժելու է սրա արդյունքում»։ Նման պահվածքը տեղավորվո՞ւմ է տնտեսական հեղափոխության սկզբունքների ծիրում։ «Ես չգիտեմ՝ նման սկզբունքներ կա՞ն, թե՞ չէ, իմ կարծիքով՝ չկան»։