Մի խումբ ցուցարարներ այսօր բողոքի ցույց են սկսել Ազգային ժողովի այգում՝ օրեր առաջ ԱԺ դահլիճում տրանսգենդերի մասնակցությամբ նիստի դեմ արտահայտվելով։ ԱԺ պատգամավորների մի մասը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպելու։
Ցուցարարների հետ երկխոսության ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա ԱԺ նիստ չի եղել, և դրան մասնակցել է ընդամենը երկու պատգամավոր։ Սիմոնյանն ասաց, որ դահլիճում ներկա բոլոր մարդկանց հրավիրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Սիմոնյանն ասաց, որ պետք չէ մեղադրել որևէ քաղաքական ուժի, «նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին»։ Նրա խոսքով՝ ո՛չ Զոհրաբյանը, ո՛չ այլ մեկը չէր կարող իմանալ՝ ինչի մասին է խոսքը։
«Դուք փողոցում ման եք գալիս ու չեք կարող ֆիքսել՝ ով ով է», – ասաց Սիմոնյանը՝ դժվարությամբ պատասխանելով բազմաթիվ ցուցարարների խոսքերին։
Նա առաջարկեց ֆիքսել, որ այդ ամենը ո´չ «Իմ քայլի» դիրքորոշումն է, ո´չ Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումն է, ո´չ ԱԺ-ինն է, ո´չ իշխանությանը, ո´չ էլ ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։
Ցուցարարներից մեկը պնդեց, որ Ազգային ժողովի դահլիճը պետք է խնկարկվի, սակայն Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա չի կարելի, որովհետև խնկի ծուխը կարող է հակահրդեհային համակարգը միացնել, որն էլ կջրի ամբողջ դահլիճը՝ հրդհե թույլ չտալու համար։