Կամ հարգում են, կամ չեն հարգում. կամ՝ մի դիմում էլ դու գրի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կամ հարգում են, կամ չեն հարգում. կամ՝ մի դիմում էլ դու գրի

Ակներևաբար այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ էր իր՝ նախապես հայտարարված Նորագավիթի մաքսակետ այցելությունից։

Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով երիտասարդ հսկիչներից մեկին, դիտողություն արեց.

«Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում…»:

Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ իրեն ուղեկցող լրագրողների ու օպերատորների, տեսախցիկների առջև՝ մի հոնքը բարձրացրած,  հատուկ հնչերանգով՝ զայրանում է.

«Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն… Լավ ա՝ չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի՞»:

Զայրացել էր՝ երկրի վարչապետը նախօրոք հայտարարված աշխատանքային այց է կատարում ինչ-որ գերատեսչություն, իսկ այնտեղ նույն վիճակն է, ինչ ամեն օր՝ գետնին թափթփված ծխախոտի մնացորդներ, անհարգալից վերաբերմունք ազգային խորհրդանիշի հանդեպ, դա էլ դեռ քիչ էր, աշխատակիցներն էլ զգաստ կանգնած չեն։

Արդյունքում՝ աշխատանքից ազատված 4 աշխատակիցներ, նկատողություն հավսար-զգաստ չկանգնած մաքսավորին, ֆեյսբուքյան պարապ-սարապ գրառումներ պետական խորհրդանիշերը հարգելու մասին. օրը դեռ ավարտված չէ, և հավանաբար՝ թեման դեռ զարգացում կունենա Փաշինյանի ֆեյսբուքյան էջում. կսպասենք։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետն իրավունք չունի նման ձևով մարդուն հեռացնել աշխատանքից,  այդ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնյան դրա իրավունքն ունի, այն էլ՝ համապատասխան քննություն անցկացնելուց հետո։

Այդ աշխատակիցները ղեկավար ունեն, ղեկավարի ղեկավար, վարչապետի կողքից խրոխտ քայլող ամենաղեկավար՝ ՊԵԿ նախագահ, և, ըստ էության, համակարգային «բարդակի» համար այլ պատասխանատուներ պետք է լինեին։ Միգուցե իրենց «թավշյա» Հայաստանում բա՞ն է փոխվել, ու արդեն ձուկը գլխի՞ց չի հոտում։

Բացի դրանից, այնքան էլ գեղեցիկ չէ, երբ երկրի ղեկավարը հրապարակայնորեն հարգանք է պահանջում. երկրի՝ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ 70-80 %-ի քվեն ունեցող վարչապետը «քուչի լեզվով» հարգանք է պահանջում իր անձի հանդեպ բոլորի ներկայությամբ՝ «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում…»:

Բայց ավելի տարօրինակ բան էլ կա այս պատմության մեջ։

Երկու ամիս ընդամենն աշխատող մաքսավորին աշխատանքից ազատող ու ձգված քանոնի պես չկանգնած երիտասարդ աշխատակցին բոլորի ներկայությամբ կոպիտ նկատողություն անող վարչապետը կարծես թե այնքան էլ հետևողական չեղավ, երբ ընդամենն օրեր առաջ իր ներկայությամբ Գյումրիում հարաբերություններ էին պարզում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։ «Էէէէէ, չեղավ, հիմա կարո՞ղ ա՝  էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան, հիմա մի հատ էլ իմ ներկայությամբ…»,- սաստեց իր ներկայությամբ  լեզվակռվի բռնված քաղաքապետին ու պատգամավորին, ապա շարունակեց խոսել շինարարական կուլտուրան նոր մակարդակի բերելու մասին…

Փաշինյանը հետագայում չանդրադարձավ դրան, ոչ էլ Ֆեյսբուքում գրառում կատարեց։

Նկարագրված իրավիճակները, ճիշտ է, տարբեր են, սակայն երկուսում էլ վարչապետն իր անձի հանդեպ հարգանքի բացակայություն նկատեց։ Ուրեմն ինչո՞ւ մի դեպքում՝ քավության նոխազ դարձան սովորական աշխատակիցները, իսկ մյուսում՝ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հանգիստ իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ոչինչ չենք ակնարկում. պարզապես հետաքրքիր է։

Եվ արդյոք որևէ մեկը կարող է նման ճանապարհով հեղինակություն կամ հարգանք ձեռք բերել՝ նվաստացնելով դիմացինին, շարքային աշխատակցին, ով առավոտյան եկել է աշխատանքի, ու պարզվել է, որ երկրի վարչապետը հերթական շոուն է բեմադրելու, որտեղ բացասական հերոսի դերում ինքը՝ շարքային քաղաքացին է լինելու՝ տեսախցիկների առջև, և իրեն ցուցադրելու են երկրով մեկ՝ ցույց տալու համար, թե ինչ մաքրակենցաղ, պետական սիմվոլներ հարգող ու կարգուկանոնին հետևող առնական տղամարդ է մեր երկրի վարչապետը։ Մաքսատան շարքային այդ աշխատակիցը միգուցե և ամուսնացած է՝ կին և երեխաներ ունի, հիվանդ ծնողներ, մերձավորներ, որոնք բոլոր հեռուստաընկերությունների կատարմամբ դա նայելու են… Պատկերացնո՞ւմ եք նրանց ապրումները, որոնք հեռուստաեթերներից իմանում են, որ իրենց որդին, ամուսինը ազատված են աշխատանքից՝ ոչնչի համար։

Ի՞նչ իմանային, որ միգուցե Փաշինյանը դեռ երեկ կեսգիշերին իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ԱՄՆ-ից արած խայտառակ հայտարարություններից հետո Ֆեյսբուքում իր ձեռամբ գրած «պաշտպանական» գրառման և դրանց մեկնաբանությունների ազդեցության տա՞կ էր, վատ տրամադրությամբ…

Պետք չէ կարգավիճակի բերումով ընդամենը կարգավիճակով թույլի վրա ինքնահաստատվել։ Այլ իրավիճակում՝ տեսախցիկների առջև անտեղի նկատողությունների տարափ ստացած երիտասարդը միգուցե հակադարձեր՝ ինչպիսին չպետք է լինի երկրի վարչապետը՝ թեմայով…

Եվ այս ամենի ֆոնին առնվազն ծիծաղելի են Փաշինյանին արդարացնող այն մեկնաբանությունները, թե՝ ազգային ու պետական խորհրդանիշի հանդեպ վերաբերմունքի, արժեհամակարգի ասպեկտով ճիշտ էր նրա պահվածքն ու վարքային նման դրսևորումը։ Առանձնապես մեծ փիլիսոփայական մտքի խորություն պետք չէ՝ գնահատելու համար նրա անկիրթ վարքագիծը։ Սկզբում մարդն է, քաղաքացին, հետո՝ խորհրդանիշները։ Մարդն է փայտի վրա փակցված կտորը որպես պետության դրոշ-խորհրդանիշ արժևորում, երկիրը պետություն դարձնում, հողատարածքը՝ հայրենիք։

Որքան էլ  Փաշինյանը տեսարաններ ապահովի, օրակարգ փորձի լցնել՝ ոչ ադեկվատ իր տարբեր հայտարարություններով, կամ նախկինների՝ հատկապես հանրապետականների ուղղությամբ անընդհատ քարեր նետելով, միևնույն է, քաղաքացին ամեն ինչ հասկանում է։

ՀՀԿ-ն, բազմաթիվ արատավոր ավանդույթներով նախկին կոռումպացված իշխանություններն այլևս վաղուց չկան, վաղուց արդեն Փաշինյանի կառավարությունն է, Ազգային ժողովի մեծամասնությունն իրենն է, ուժային կառույցներն իրենն են, դատարանները՝ ևս՝ ում ուզի, ինչ ուզի՝ կհրահանգի (ինքն է հայտարարել, որ չկա մի դատավոր, որը իր ասածը չանի)… Պետք է գործ անել, դատարկ շոուներով օրակարգ պետք չի ձևավորել։ Ուրիշների՝ նախկինների արածները պետք չէ ձեզ վերագրել, պետք չէ ստել ու հետո ԱԱԾ-ին հրահանգել պայքարել կեղծիք տարածողների դեմ…

Երկիրն իներցիոն կերպով դեռ պահպանում է ընթացքը, իսկ այդ ռեսուրսն անսահմանափակ չէ և կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ թե ներքին, թե արտաքին։ Նման շոուներով պետք չէ ծրագրային դատարկությունից շեղել հասարակության ուշադրությունը, պետք է գործ անել։ Պարզապես աշխատել։

Աստղիկ Ավետիսյան



Նման նյութեր