«Տանուլ ենք տալիս». Նիկոլ Փաշինյանը պոռթկացել է «Իմ քայլը» դաշինքի փակ հանդիպմանը. «Փաստ»
Advertisement 1000 x 90

«Տանուլ ենք տալիս». Նիկոլ Փաշինյանը պոռթկացել է «Իմ քայլը» դաշինքի փակ հանդիպմանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից եւ գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից:

Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»:

Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիեւի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը եւս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»:

Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաեւ հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»:



Նման նյութեր