«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ մի քանի տասնյակ համայնքներում չի իրականացնելու մթերում։ Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Սպայկա» իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ:
Մենք ակտիվ կերպով համագործացում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, բերելով ներդրողներ մեր երկիր , բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետներ: Մենք ողջունում ենք հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ ենք աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է:
Սպայկա ընկերությունը 2010թ-ից մթերում է իրականացնում Հայաստանում, անկախ ընկերության ունեցած օբյեկտիվ դժվարություններից եղել և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին: Ընկերությունը հիմնականում աշխատում է ավելի քան 80 համայնքների, անուղակի ևս տասնյակ համայնքների հետ: Այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի հիմնավորված դեպք, որ ընկերությունը պարտք մնա որևէ ֆերմերի: Ընկերությունը աշխատում է տասնյակ հազարավոր ֆերմերների հետ, տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն:
Մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսեկան անհրաժեշտ է մոտ 5.000.000.000 (մլրդ) դրամ, որը օգտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից: Այդ միջոցները կարճաժամկետ են և ենթակա են անվերապահ հետվերադարձման բանկին մեկ կամ երկու ամսյա ժամկետը լրանալուն պես: Համաձայն վարկային պայմանագրի բանկի կողմից այդ միջոցները կարող են ցանկացած պահի կրկին չտրամադրվել օգտագործման, եթե բանկը համարի, որ ընկերության բնականոն գործունեությունը ինչ-ինչ պատճառներով խաթարված է կամ ընկերության ֆինանսական դրությանը կարող է վտանգ սպառնալ: Դրա համար բանկին որևէ հիմնավորում պետք չէ:
Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը իր մամուլի ասուլիսում հայտնեց, որ անցյալ տարի օգոստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը պարալիզացվել էր: Դրանք կրկին բացվեցին ընկերության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.000.000 (մլրդ) դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը: 2018թ-ի մայիսի 2-ից մինչև 2019թ ապրիլի 4-ը ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրել է մոտ 90.000.000 (մլն) դոլար!!!!
Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:
Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետևյալ համայնքներում:
· Արարատի մարզ
Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,
· Արմավիրի մարզ
Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ
· Տավուշի մարզ
Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան
· Լոռու մարզ
ք. Տաշիր
· Վայոց Ձորի մարզ
Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,
· Արագածոտնի մարզ
Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ
· Շիրակի մարզ
Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ
· Գեղարքունիքի մարզ
Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,
· Կոտայքի մարզ
Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:
Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներ, հաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունը) ագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար՝վար, պարարտանյութ էտ, բուժումներ, ջրում, բերքահավաքի կազմակերպում: Նման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներին անհրաժեշտ է մթերքի սպառման, առնվազն կատարված ծախսերին համարժեք գնով սպառման հնարավորության մեջ: Սպայկա ընկերության դերըգյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքը առանց այլընտրանքի հենց Սպայկա ընկերությանը վաճառելու: Ընկերությունը առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին:Ընդ որում, մինչև 2011թ-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամ, նվազագույնը՝ մինչև 100 դրամի: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում հենց Սպայկա ընկերության շնորհիվ արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը կազմել է 300-350 դրամ, իսկ նվազագույնը 250 դրամ: Նման պատկեր է բոլոր մթերքների մասով: Ընկերության շնորհիվ հանրապետությունից սկսել է արտահանվել բազուկ, կաղամբ, դեղձ, աճել է խաղողի արտահանման ծավալները: Այս բոլոր ապրանքների արտահանման նախաձեռնողը եղել է Սպայկա ընկերությունը:
Ընկերությունն այսօր նույնիսկ ընկերության տնօրենի կալանավորման հետևանքով ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատճաշ կատարելու ուղղությամբ: Սպայկա ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը: Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալկազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:
Ընկերության կողմից մթերման աշխատաքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան ևտեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղծված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով: