Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Ամեն ինչ դեռ առջևում է: Չեմ կարծում, թե իմ տարիքում տեղին է կյանքի ձեռքբերման մասին խոսելը: Նույնն էլ վերաբերվում է ձախողմանը: Մի 50 տարի հետո կմտածեմ:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Անպայման հայկական դպրոց կհաճախեի։
Ինչպիսի՞ն եք դուք աշխատանքից դուրս: Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ:
Պարզ, հասարակ, կյանքով լի։
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Դուխով։
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել կներեք:
Մեր շրջապատում այնքան շատ ջարդված մարդկային հույսեր կան, որ գրեթե միշտ էլ կարիք է լինում ներողություն խնդրելու։ Իհարկե շատ հաճախ ստացվում է, որ ներողություն եմ խնդրում իշխանությունների անունից, բայց դա չէ իհարկե կարևորը։
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել սիրում եք:
Այսօր առավոտյան ասել եմ տիկնոջս: Ընդհանրապես սեր խոստովանելը միշտ համարել եմ ուժեղ մարդկանց բնորոշող գիծ: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ամաչում են սեր խոստովանելուց: Արեք դա ու արեք դուխով:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Էմոցիոնալ եմ, երբ որևէ խնդիր վերաբերվում է երեխաներին: Իսկ արտասվում եմ ուրախության և հաջողությունների մասին լուրերից:
Հայտնի կին(տղամարդ), ով Ձեզ հիացնում է:
Տղամարդ՝ առաջնագծում կանգնած զինվորը, կին՝ մեր մայրերը:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Եթե ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվեր Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Եթե ես 1 օրով լինեի երկրի նախագահը, ապա…
«Նախագահ» եզրույթը, վստահ եմ, օգտագործում եք հին Սահմանադրությամբ իշխանական լիազորությունների բաշխման պատկերացմամբ: 9։30 կգայի աշխատանքի, սուրճ կխմեի, կստորագրեի հրաժարականիս դիմումը, ուղերձով կդիմեի ժողովրդին ու կխոսեի ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորության մասին ու 11-ին դուրս կգայի աշխատանքից ու տուն կգնայի։ Ավելին անելու կարիք չեմ տեսնում։
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Բոլոր բամբասանքներն էլ զվարճացրել են: Միշտ կարդում ու առանց կենտրոնանալու դրանց վրա առաջ եմ անցնում: «Գուգլ» արեք, թե ինչեր ասում էին 2012-ից իվեր և համեմատեք իրականություն հետ: Վստահ եմ, որ դուք էլ մի լավ կզվարճանաք:
asekose.am
Առաջնորդող լուսանկարը՝ PanPhoto-ի