Հայաստան – Չեռնոգորիա. Նոր մարզիչ, նոր սպասելիքներ
Advertisement 1000 x 90

Հայաստան – Չեռնոգորիա. Նոր մարզիչ, նոր սպասելիքներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին առաջին հանդիպումը կանցկացնի հայկական ֆուտբոլի լեգենդ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում հայկական թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին՝ անցկացնելով այս տարվա վերջին հանդիպումը:

Պատմություն

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի Չեռնոգորիային, որն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի անդամ դարձել է 2007 թվականին: 1992-2003-ը Չեռնոգորիայի ուժեղագույն ֆուտբոլիստները հանդես էին գալիս Հարավսլավիայի հավաքականում, իսկ 2003-2006-ը կար Սերբիայի ու Չեռնոգորիայի հավաքական: Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2006-ին, իսկ թիմի առաջին պաշտոնական մրցաշարը եղել է ԱԱ-2010-ի ընտրական փուլը, որը հաղթահարել չի հաջողվել:

Նոր մարզիչ, նոր սպասելիքներ

Հայաստանի ազգային հավաքականը մարզելու համար Արթուր Պետրոսյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխից», որում աշխատում էր վերջին տարիներին և գլխավորում երիտասարդական թիմը: Պետրոսյանը հավաքականի վերջին անհաջողությունները կապում էր հոգեբանական խնդիրների հետ, իսկ հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց, որ այդ խնդիրը կարգավորվել է: Գյումրեցի մասնագետը վստահեցրեց, որ այս հավաքի ընթացքում կատարվել է մեծ աշխատանք, որը կերևա այսօրվա խաղում:

Անհասկանալի վիճակում գտնվող Մխիթարյանի հետ

Հայաստանի հավաքականի ավագն ու առաջատարն առանց խաղային պրակտիկայի է միացել թիմին և առաջին հանդիպումը կանցկացնի այս ընտրական մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթեդում» նա տևական ժամանակ չէր խաղում: Ազդրի վնասվածքից հետո Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր սեպտեմբերի 10-ից և դաշտ վերադարձավ միայն նախորդ շաբաթ՝ «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում հանդես գալով 30 րոպե: Հենրիխը վաղուց մարզվում է և, չունենալով խաղային պրակտիկա, արդեն ձեռք է բերել պատշաճ մարզավիճակ և կարող է մեծ օգուտ բերել հավաքականին, սակայն անհասկանալի է, թե Ժոզե Մոուրինյոյի կողմից վստահության պակասի պայմաններում հոգեբանական ինչ վիճակում է նա: Լեհաստանի դեմ նախորդ խաղում հայ ֆուտբոլիստները կարծես հավատացին, որ կարող են խաղալ և հաղթել առանց Մխիթարյանի: Այս խաղում կա Մխիթարյանը, այդ գործոնին կգումարվի նաև մյուս ֆուտբոլիստների վստահությունը, և դա կարող է լինել հաղթանակի հասնելու հիմնական նախադրյալներից մեկը:

Մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Չեռնոգորիայի հավաքականը վերջին հաջող ելույթներից հետո բարձրացել է 56-րդ տեղ (Հայաստանը 125-րդն է): Չեռնոգորիայի թիմում առանձնանում է հարձակման գիծը, որտեղ խաղում իտալական «Ինտերի» ռմբարկու Ստևան Յովետիչն ու Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆատոս Բեչիրայը: Մրցակցի պաշտպանությունը ևս ամուր է: Այս ընտրական փուլում Չեռնոգորիան բաց է թողել միայն մեկ գոլ:

Ամբողջությամբ՝ sport.news.am