Վերջերս մամուլում ակտիվորեն քննարկվում է օրեր առաջ վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթիa մաքսատուն կատարած այցի ընթացքում աշխատակիցներից մեկին ուղղված հանձնարարականը՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից՝ պետական դրոշը կեղտոտ պահելու համար։
Շատ է քննարկվում, մասնավորապես, այն հարցը, թե արդյո՞ք վարչապետն իրավունք ուներ աշխատողին նման հանձնարարական տալ։
Ստորև փորձենք հասկանալ հանձնարարականի իրավաչափությունը։
Ըստ այդմ, սկսենք այնտեղից, թե ինչպես առաջացավ խնդիրը։ Վարչապետը, մտնելով մաքսատան աշխատասենյակներից մեկը և տեսնելով հատակին ընկած կեղտոտ դրոշը՝ բարկացավ և սենյակում գտնվող աշխատակցին ասաց՝ դիմում կգրես, դուրս կգաս։ Ապա հանձնարարեց աշխատանքից հեռացնել նաև այդ սենյակի մյուս աշխատակիցներին։ Քիչ անց վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պետական դրոշը ոտքերի տակ գցած ոչ մի քաղաքացի չպետք է աշխատի ՀՀ կառավարման համակարգում։
Հասկանանք, սակայն, թե ինչ է օրենքն ասում պետական դրոշի և այն «ոտքերի տակ գցելու» մասին։
ՀՀ քրեական օրենսգրքի 331-երորդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ զինանշանը, պետական դրոշը, պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Այսինքն, դրոշն անարգելու փաստով պետք է սկսվեր վարույթ՝ հասկանալու համար, նախ, այս ա՞նձն է անարգողը․ թե՞ ոչ, և հետո նոր, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, իրականացվեր նախաքննություն, իսկ դատական քննությունից հետո կայացվեր դատական ակտ։ Անգամ այս դեպքում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ օրենսդրության մեջ որևէ հիշատակում չկա։
Անցնենք առաջ։
Մաքսային ծառայողը համարվում է պետական ծառայող (Հանրային ծառայության մասին օրենք, 3,3), ըստ այդմ՝ պաշտպանված է մի շարք օրենքներով՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք։
ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանվում է, թե որ դեպքերում և ով կարող է անձին ազատել աշխատանքից։ 113-րդ հոդվածում ասվում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Հաջորդիվ նշվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում աշխատողի հետ պայմանագիրը կարող է լուծարվել։
Սակայն հարկ ենք համարում ուշադրություն դարձնել նախադասության սկզբում գործածված գործատու բառի վրա։ Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի կամ հրամանի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:
Գործատու կարող է լինել ֆիզիկական անձը, աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից, տեսակից, այդ թվում՝ պետությունը և պետական մարմինները: Տվյալ դեպքում գործատուն ՊԵԿ-ն է, որի նախագահն էլ նշանակում և աշխատանքից ազատում է մաքսային ծառայության աշխատակիցներին, հետևաբար՝ միայն մաքսային ծառայողին հրամանով աշխատանքի ընդունած պետական պաշտոնյան է իրավասու ազատել աշխատանքից, այն էլ՝ միայն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում։ Այլ կերպ ասած ՝ մաքսային ծառայողին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատելու հրահանգ չի կարող տալ։ Հավելենք նաև, որ քանի որ մաքսային ծառայողը հանդիսանում է պետական ծառայող, իր աշխատանքից ազատումը, եթե դիմումի հիման վրա չէ, պետք է իրականացվի միայն կարգապահական վարույթ հարուցելուց հետո։
Անդրադառնանք մաքսային ծառայության մասին օրենքին։
Այստեղից տեղեկանում ենք, որ ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տարբեր տեսակի տույժեր՝ դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն, հատուկ կոչման իջեցում (բայց երկու աստիճանից ոչ ավելի), մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում (բայց մեկ աստիճանից ոչ ավելի), նյութական պատասխանատվության կիրառում և մաքսային ծառայության պաշտոնից ազատում:
Նշենք նաև, որ վերջին 4 տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Այսինքն, պաշտոնից ազատելու համար նախ պետք է ծառայողական քննություն անցկացնել, ապացուցել անձի մեղավորությունը դրոշի՝ կեղտոտված և հատակին ընկած լինելու մեջ և պաշտոնից ազատելու հիմնավորվածությունը, ապա դրական եզրակացությունից հետո նոր միայն աշխատողին կարելի է ազատել զբաղեցրած պաշտոնից։
Կոնկրետ այս դեպքում պետք է քննարկվի նաև այն հարցը, թե արդյո՞ք մյուս կարգապահական տույժերը չեն կարող նշանակվել կատարված խախտման համար։
Այս օրենքում նույնպես սահմանվում են աշխատողին ծառայության պաշտոնից զրկելու հիմքերը, որտեղ ևս նշված բոլոր հիմքերի մեջ քիչ թե շատ իրատեսականը 10-րդ կետն է՝ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտելը: Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք սենյակում կահավորանքը պահպանելը կամ սահմանված վայրերում դրոշը դնելը, կամ դրոշը լվացված և մաքուր պահելը մտնում է աշխատողի ծառայողական պարտականությունների մեջ, թե՞ ինքը, որպես պետական աշխատող, պետք է հետևի դրոշի կոկիկ և մաքուր գտնվելուն։ Եթե դրոշը լվանալն ու մաքուր պահելը անձի ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում, ապա այս դրույթը ևս չի կարող կիրառվել։ Սա պարզելու համար պետք է ծառայողական քննություն իրականացվի։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի լիազորություններից դուրս է մաքսատան աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրել հրահանգելը կամ նրան հարկադրելը, քանի որ, նախ, անձն ունի աշխատանքային իրավունք, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, և արգելված է անձին հարկադրելու իր կամքին հակառակ դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Եվ հետո, նա չի հանդիսանում աշխատողի անմիջական ղեկավարը և ՀՀ օրենսդրությամբ չունի նման լիազորություն։
Չնայած այս ամենին, երեկ մամուլում գրվեց, որ սույն մաքսային ծառայողը աշխատանքից ազատման դիմում է գրել։
Կարինե Կիրակոսյան